«Պատրաստ ենք օգնել Թբիլիսիին երկխոսել Աբխազիա և Հարավային Օսիա երկրների հետ»․ Զախարովա
ԶԱԽԱՐՈՎԱՆ ԱԲԽԱԶԻԱՅԻ ԵՎ ՀԱՐԱՎԱՅԻՆ ՕՍԻԱՅԻ ՄԱՍԻՆ
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Թբիլիսիին Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ՝ «որպես պետություններ» երկխոսելու հարցում։

Զախարովան նշել է, որ Սուխումը և Ցխինվալը նույնպես պատրաստ են «շրջել Վրաստանի հետ հարաբերությունների պատմության այդ ողբերգական էջը»։
Ի՞նչ է ասել Զախարովան
- Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև հետկոնֆլիկտային կարգավորման հարցերը քննարկվում են Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերաբերյալ Ժնևյան միջազգային բանակցությունների շրջանակում։
Մեր առաջնահերթությունները մեր աբխազական և հարավօսական դաշնակիցների հետ մնում են անփոփոխ։ Դրանք են՝
• Թբիլիսիի կողմից Ցխինվալի և Սուխումի դեմ ուժ չկիրառելու իրավաբանորեն պարտադիր երաշխիքներ,
• այդ հանրապետությունների հետ պետական սահմանների սահմանազատման գործընթացի մեկնարկ։
Հաշվի առնելով տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրականության նկատմամբ կողմերի մոտեցումների հիմնարար տարբերությունները` այս հարցերում առաջընթացի մասին խոսելն առայժմ հնարավոր չի թվում։
Մենք հասկանում ենք, որ ո՛չ Վրաստանում, ո՛չ Աբխազիայում, ո՛չ էլ Հարավային Օսիայում ոչ ոք ոչինչ չի մոռացել։ Բայց մի բան է հիշել և պահել հիշողության մեջ, մեկ այլ բան՝ առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման և Սաակաշվիլիից ժառանգություն մնացած խոչընդոտները հաղթահարելու ուղղությամբ,- հայտարարել է Զախարովան։
Հիշեցնենք, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և պատվավոր նախագահ Բիձինա Իվանիշվիլին Գորի քաղաքում ունեցած ելույթում 2008 թվականի օգոստոսյան պատերազմի և երկրի տարածքային ամբողջականության խախտման մեջ կրկին մեղադրել էր ոչ թե Ռուսաստանին, այլ նախկին կառավարությանը։ Երկրի ոչ պաշտոնական կառավարիչը նաև հայտարարել էր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության համար «Նյուրնբերգյան դատավարություն» անցկացնելու մասին և նշել, որ Վրաստանը պետք է ներողություն խնդրի Հարավային Օսիայից։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր հերթին նշել էր, որ Մոսկվան պատրաստ է հաշտեցնել կողմերին, եթե Վրաստանը հետաքրքրություն ցուցաբերի «հարևան երկրների»՝ «Աբխազիայի և Հարավային Օսիայի» հետ հաշտության հարցում։
Ժնևյան բանակցությունների հերթական փուլի նախաշեմին Աբխազիայի արտաքին գործերի նախարար Սերգեյ Շամբան հայտարարել էր, որ Վրաստանի ներողություն խնդրելը կարող է նպաստել վրաց-աբխազական հակամարտության կարգավորմանը։
Սուխումում Ժնևյան բանակցությունների համանախագահների հետ հանդիպման ժամանակ Շամբան հիշատակել էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի վերջին հայտարարությունն այն մասին, որ Վրաստանի կառավարությունը պատրաստվում է ներողություն խնդրել օսերից 2008 թվականի պատերազմի համար։ Նրա խոսքով՝ «եթե Թբիլիսին նույն կերպ վարվի աբխազների հետ և ներողություն խնդրի 1992-93 թվականներին Աբխազիայում պատերազմ սկսելու համար, դա կարող է առաջին քայլը դառնալ հաշտության ճանապարհին»։
JAMnews․ Թբիլիսի