Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է
ԲԱՅԴԵՆԻ ՈՒՂԵՐՁԸ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Սպիտակ տան Օվալաձև սենյակում՝ նոյեմբերին կայանալիք ընտրություններից իր թեկնածությունը հանելուց հետո առաջին անգամ դիմելով ժողովրդին։ Նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշումը նա բացատրել է էստաֆետը երիտասարդ սերնդին փոխանցելու և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու անհրաժեշտությամբ։
ԱՄՆ-ի նախագահի ուղերձը ներկայացրել է factor.am-ը։

ԱՄՆ նախագահը հաստատել է, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում կենտրոնանալու է իր պարտականությունների կատարման վրա՝ տնտեսական աճի ապահովում, քաղաքացիների իրավունքների պաշտպանություն և այլն։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը նաև կշարունակի միավորել Ուկրաինային օգնող երկրների կոալիցիան և ուժեղացնել ՆԱՏՕ-ն։ Բայդենը նաև հավելել է, որ մտադիր է հասնել Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավարտին և բոլոր պատանդների ազատմանը։
Խոսելով առաջիկա ընտրությունների մասին՝ նախագահն ասել է, որ «իր ընտրությունը կատարել է և հայտնել է իր դիրքորոշումը»։
- Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր հրաշալի փոխնախագահ Քամալա Հարիսին: Նա փորձառու է: Նա կոշտ է: Նա ընդունակ է: Նա ինձ համար անհավանական գործընկեր և առաջնորդ է եղել: Հիմա ընտրությունը ձերն է»,-ասել է Բայդենը։ Նա ամերիկացիներին կոչ է արել միավորվել՝ ընտրություն կատարելով «առաջ գնալու և հետ գնալու միջև։
ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը հուլիսի 21-ին հայտարարեց նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին և Դեմոկրատական կուսակցությունից առաջադրեց փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։ Նրա քարոզարշավի առաջին 24 ժամվա ընթացքում հավաքվեց ռեկորդային 81 միլիոն դոլար նվիրատվություն: Հարիսը նախագահի աթոռի համար կպայքարի Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփի հետ։