Ռուս ակտիվիստի մուտքը Վրաստան արգելվել է
«ԻՆՁ ԱՍԱՑԻՆ, ՈՐ ԵՍ ԹՇՆԱՄԻ ԵՄ». ԱՐԳԵԼՎԵԼ Է ՀԵՐԹԱԿԱՆ ՌՈՒՍ ԱԿՏԻՎԻՍՏԻ ՄՈՒՏՔԸ ՎՐԱՍՏԱՆ
Ռուս ակտիվիստ Մաքսիմ Իվանցովն ասել է, որ իրեն թույլ չեն տվել մուտք գործել Վրաստան։ Նա վստահ է, որ դա կապված է Բորիս Նադեժդինի համար իրականացված ստորագրահավաքի հետ։
Մաքսիմ Իվանցովը Frame ոչ կառավարական կազմակերպության ղեկավարն է, կառույց, որը Թբիլիսիում գտնվող իր տարածքը տրամադրել է Բորիս Նադեժդինին՝ որպես ՌԴ նախագահական ընտրություններում ընդդիմության թեկնածու գրանցելու համար ստորագրություններ հավաքելու նպատակով։
![](/files/uploads/2024/03/36-5c94962babe1cc10f6edd93a0007bcaf.png)
«Ինձ ներս չթողեցին, որովհետև մենք տարածք ենք տրամադրել Նադեժդինի համար ստորագրահավաք անելու համար։ Ես միակը չեմ, ով ստորագրահավաքից հետո խնդիրներ ունի։ Վաղուց է նկատվում, որ Վրաստանի իշխանությունները ցավագին են արձագանքում ոչ միայն վրացական քաղաքականության մասին հրապարակային հայտարարություններին, այլև ռուս հակապուտինյան ակտիվիստներին»,- սոցցանցում գրել է Մաքսիմ Իվանցովը։
Նրա խոսքով՝ սահմանին Վրաստան ժամանելուն պես իր անձնագրում կնիք են դրել, բայց հետո խնդրել են վերադառնալ անձնագրային հսկողության կետ, որտեղ թուղթ են հանձնել իր՝ Վրաստան մուտքի արգելքի մասին և «հրելով ու կոպիտ խոսելով» նստեցրել ինքնաթիռ։
Իվանցովը հայտնում է, որ իրեն փաստաբանի հետ խոսելու հնարավորություն չեն տվել և սպառնացել են.
«Ասում էին, որ ես Ռուսաստանի և Վրաստանի թշնամին եմ, իսկ Վրաստանը իրենք են»:
Միայն հաջորդ առավոտյան Իվանցովը «հանձնվեց և ժամանակավորապես թռավ» Հունգարիա։ Սակայն նա մտադիր է կրկին փորձել հասնել Վրաստան։ Նա նաև նախատեսում է բողոքարկել թե՛ բուն որոշումը, թե՛ ոստիկանության կողմից իր հանդեպ վերաբերմունքը՝ անհրաժեշտության դեպքում դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Վերջին երկու տարիների ընթացքում Ռուսաստանից և այլ երկրներից Կրեմլի բազմաթիվ քննադատների արգելվել է մուտք գործել Վրաստան՝ առանց որևէ բացատրության:
Նրանց թվում են ռուս իրավապաշտպան Դարյանա Գրյազնովան, «Դոժդ» հեռուստաալիքի լրագրող Ալեքսանդրա Շևչենկոն, ռուս ակտիվիստ և իրավապաշտպան Աննա Ռիվինան, ֆոտոլրագրող Վասիլի Կրեստյանինովը, Ռուսաստանում քրեական հետապնդման ենթարկված կաբարդինո-բալկարացի բլոգեր Ինսա Լանդերը, ռուս ընդդիմադիր Դմիտրի Գուդկովը, ուկրաինացի լրագրող Դմիտրի Գորդոնը և շատ ուրիշներ։
Բացի այդ, առանց բացատրության Վրաստան մուտք գործել չեն թույլատրել նաև ռուսական ընդդիմադիր կուսակցությունների մի քանի ներկայացուցիչների, որոնք չեն զբաղվում հասարակական գործունեությամբ, և որոնց անուններն անհայտ են լայն հանրությանը։
Ո՛չ իրավապահ մարմինները, ո՛չ Վրաստանի կառավարությունը որևէ մեկնաբանություն չեն տալիս այս հարցի վերաբերյալ։
JAMnews․ Թբիլիսի