«Զոհաբերենք ԼՂ-ն, որ պատժենք Փաշինյանին»
ԹՈՄ ԴԸ ՎԱԱԼԸ ՄՈՍԿՎԱՅԻ ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ․ JAMnews
«Կարող ենք զոհաբերել Ղարաբաղը, որպեսզի պատժենք Փաշինյանին, աշխատենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ»,- ղարաբաղյան հիմնախնդրի բրիտանացի փորձագետ Թոմաս դը Վաալի կարծիքով ԼՂ-ում տեղի ունեցած վերջին ռազմական գործողությունների վերաբերյալ նման որոշում է կայացրել Մոսկվան։
Ասում է՝ դրա պատճառներից մեկն այն է, որ Ռուսաստանը Ղարաբաղի հարցում իր «ավանդական քաղաքականությունից» հրաժարվել է դեռևս Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր։ Իր շահերից ելնելով` Ռուսաստանի Դաշնությունն այս հակամարտության հարցում «առաջնահերթությունը» տվեց Ադրբեջանին, ոչ թե դաշնակից Հայաստանին։ Այդ տեսակ սերտ համագործակցություն, ըստ նրա, Երևանում «չէին կանխատեսում»։
Թոմաս դը Վաալի խոսքով՝ մյուս պատճառը Փաշինյանի «խիզախ, չափազանց հապճեպ ու համարձակ» քայլերն էին, այդ թվում՝ նրա կնոջ այցը Կիև և ամերիկյան կողմի հետ համատեղ զորավարժությունները, Հռոմի ստատուտի վավերացման գործընթացն ու ՀԱՊԿ ռազմական դաշինքի արժեքը կասկածի տակ դնելը։ Նկատում է՝ այդ ամենը «զայրացրել է Ռուսաստանին»։
«Ինձ համար գլխավոր հարցը Ղարաբաղի ղեկավարության կողմից Ռուսաստանի նկատմամբ բավականին միամիտ վստահությունն է։ Նրանք դեռ հավատում էին, որ Մոսկվան իրենց չի վաճառի, բայց հենց դա էլ տեղի ունեցավ»,- արձանագրել է նա։
«Ազատության» հետ զրույցում փորձագետն անդրադարձել է մի շարք հարցերի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին զարգացումներին, տեղի հայերի ապագային, Հայաստանի տարածքում ռազմական գործողությունների հավանականությանը և ոչ միայն։
Ինչո՞ւ է Ադրբեջանը կարևոր Ռուսաստանի համար
«Մի քանի պատճառներով։ Մեկն այն է, որ Ռուսաստանի համար երթուղի է դեպի հարավ, դեպի Իրան և Թուրքիա՝ ցամաքով և Կասպից ծովի վրայով: Եվ դա ակնհայտորեն ավելի կարևոր է այն պայմաններում, երբ Եվրոպայի հետ սահմաններն այժմ փակ են:
Ադրբեջանական ռեժիմը նույնպես [Ռուսաստանի համար] ծանոթ ռեժիմ է։ Նրանք հասկանում են միմյանց, խոսում են նույն լեզվով, մինչդեռ Մոսկվան և Երևանը նույն լեզվով չեն խոսում։ Ժողովրդավարության կամ մարդու իրավունքների մասին [Ռուսաստանում և Ադրբեջանում] խոսք չկա։ Նրանք հասկանում են միմյանց:
Երրորդ հանգամանքն այն է, որ Ադրբեջանը յուրօրինակ կամուրջ է դեպի Թուրքիա։ Հայաստանի և Արևմուտքի համար ցավալիորեն մենք այժմ տեսնում ենք մի տեսակ Ռուսաստան-Ադրբեջան-Թուրքիա առանցք, որտեղ նրանք ընդհանուր շահեր ունեն Կովկասում, այն է՝ Արևմուտքին դուրս պահելը, թույլ Հայաստան ունենալը, Ռուսաստանի ԱԴԾ-ի, խաղաղապահների հսկողությամբ տրանսպորտային միջանցք կառուցելը»։
Թոմ դը Վաալը՝ ԼՂ վերջին զարգացումների մասին։ Արցախից ստացված վերջին լուսանկարներից մեկը, երբ դեռ Վերածննդի հրապարակում մարդիկ կային
Ինչու Ալիևը համարձակվեց անտեսել Արևմուտքի հորդորները
«Ակնհայտ է, որ նախագահ Ալիևն իր ձեռքում ուներ բոլոր խաղաքարտերը։ Նա ուներ Ղարաբաղ, որը լիովին մեկուսացված էր։ Այսպիսով, ինչո՞ւ նա համարձակվեց անտեսել Արևմուտքի հորդորները։
Նա գիտեր, որ դա անպայման կվնասի իր հարաբերություններին Արևմուտքի հետ: Կարծում եմ՝ պատասխանը պարզ է՝ Մոսկվայից նա կանաչ լույս ստացավ։ Գործողության օրը ռուս խաղաղապահները մի կողմ էին քաշվել։ Մոսկվան չդատապարտեց Ալիևին։ Նրանք դատապարտեցին Փաշինյանին։
Ալիևը կարողացավ, ըստ էության, գրավել Ղարաբաղը։ Կարծում եմ՝ սա մի սցենար էր, որից շատերը վախենում էին, հույս ունեին, որ հնարավոր է լինելու դրանից խուսափել, բայց մենք ունենք այն, ինչ ունենք»։
Ըստ էության՝ Լեռնային Ղարաբաղի վերջն է
«Գիտենք, որ Լեռնային Ղարաբաղի պատմությունը սկիզբ է առնում 1923 թվականին, երբ այն առաջին անգամ հիմնադրվեց Խորհրդային Միությունում, բայց, իհարկե, հայկական Ղարաբաղի պատմությունը սկսվում է դրանից դարեր առաջ, ու նրա ապագան շատ անորոշ է։
Տեսնում ենք, որ հայ բնակչությունը լքում է Ղարաբաղը։ Սա մեծ ողբերգություն է: Եվ մենք կարող ենք խոսել այն մասին, թե ով է պատասխանատու: Ակնհայտ է, որ առաջին պատասխանատվությունը կրում է նախագահ Ալիևը, որը ուժ կիրառեց»։
Կլինեն ղարաբաղցիներ, որոնք կուզեն պայքարել
«Հակամարտությունն ավարտվում է միայն այն ժամանակ, երբ բոլորը զգում են, որ խաղաղ են։ Պարզ է, որ շատ հայերի ու հատկապես շատ ղարաբաղցիների համար սա խաղաղություն չէ, սա պարտություն է: Ու նրանք կցանկանան վրեժի ևս մեկ փուլ:
Համոզված եմ, որ կլինեն ղարաբաղցիներ, որոնք կցանկանան այս կամ այն ձևով պայքարել: Վստահ եմ, որ դա այդպես է: Նրանց կաջակցեն սփյուռքի որոշ հայեր»։
Ադրբեջանը մեկ օրում չի փոխվելու
«Ադրբեջանը մի պետություն է, որի պետական գաղափարախոսությունը հակահայկական է։ Դա այն է, ինչ երեխաներին սովորեցնում են դպրոցում, ինչ ասվում է լրատվամիջոցներում։ Սա այս երկրի պետական գաղափարախոսությունն է, որը չի փոխվելու մեկ օրում։
Ադրբեջանը պետք է հիմնովին փոխի իր կրթական համակարգը, լրատվամիջոցները, փոքրամասնությունների իրավունքներին վերաբերող օրենսդրությունը: Այդ ամենը պետք է փոխվի»։
Բաքվի հետ բանակցում էին, բայց արդեն ուշ էր
«Կարծում եմ, որ այնտեղ բանակցություններն իրականում սկսվել էին։ Դրանք Շուշիում վարվող գաղտնի բանակցություններ էին։ Այսպիսով, դրանք իրականում առաջ էին ընթանում։ Հետո մենք պետք է հարցնենք, թե ինչը այնպես չգնաց։
Լսել եմ աղբյուրներից, որ Ղարաբաղի իշխանությունները խոսում էին Բաքվի, Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրինակ՝ պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևի հետ։ Եվ այդ բանակցությունները Շուշիում տեղի էին ունենում մինչև ռազմական հարձակումը: Նրանք խոսում էին Բաքվի հետ, բայց դա արդեն մի քիչ ուշ էր»։
2020-ի պատերազմից հետո պետք էր հասկանալ՝
սպառնալիքը շատ ավելի իրական է
«Հայկական կողմում 2020 թվականի պատերազմից հետո դեռ պատրանք կար, որ Ղարաբաղը կարող է նույն կերպ շարունակել։ Կարծում եմ՝ դա մեծ սխալ էր։
2020 թ․-ի պատերազմը պետք է սթափության զանգ լիներ՝ պետք է իջեցնել պահանջը, պետք է լրջորեն խոսել Ադրբեջանի հետ, սկսել խոսել ինքնավարության մասին, Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների մասին։ Պետք է հասկանային, որ սպառնալիքը շատ ավելի իրական է»։
Սյունիքն առավել վտանգված կլինի, եթե ՀՀ-ում
ներքաղաքական խժդժություններ լինեն
«Ակնհայտ է, որ եթե Սյունիքում [նկատի ունի, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը»] ռազմական առումով ինչ-որ բան տեղի ունենա, ապա հայկական զինուժը շատ թույլ է: Այն պետք է հույսը դնի Իրանի վրա։ Իսկ մենք իրականում չգիտենք, թե Իրանը ինչ է մտածում։ Մենք գիտենք, թե Իրանը ինչ է ասում, բայց չգիտենք, թե ինչպես կարձագանքի:
Ակնհայտ է, որ սա մղձավանջային սցենար է: Մենք, անշուշտ, 2023 թվականից հետ կգնանք դեպի 1918-1920 թվականներ, երբ սահմաններից այն կողմ մեծ մարտեր էին ընթանում և այլն: Կլինեն բազմաթիվ նախազգուշացումներ, և դա կլինի մի բան, որի համար, կարծում եմ, Ադրբեջանի նկատմամբ կլինեն պատժամիջոցներ և դա կունենա բազմաթիվ հետևանքներ:
Այսպիսով, դա մի բան է, որից, հուսով եմ, կարելի է խուսափել: Ենթադրում եմ, որ դրա փոխարեն միգուցե այն, ինչ մենք կտեսնենք, կլինի մեծ քաղաքական ճնշում, շատ հայտարարություններ Ալիևի, Էրդողանի, գուցե Պուտինի կողմից, որ Հայաստանը պետք է համաձայնի այդ միջանցքին, որ Հայաստանը չի համագործակցում:
Եվ, իհարկե, Ռուսաստանը, ինչպես գիտենք, Հայաստանում շատ գործիքներ ունի։ Սա, ենթադրում եմ, կապված է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ։ Քանի դեռ Հայաստանն ունի կայուն իշխանություն, կարծում եմ՝ դրան դիմակայելու միջոցներ կունենա։ Եթե Հայաստանում ներքաղաքական խժդժություններ լինեն, եթե Փաշինյանին հեռացնելու փորձեր լինեն, ապա Հայաստանն անշուշտ թուլանալու է, ու հենց այդ ժամանակ, կարծում եմ, Սյունիքը առավել վտանգված է լինելու»։
Ի՞նչ է պատրաստ անել Արևմուտքը
Հայաստանի պաշտպանության համար
«Հայաստանի պաշտպանությունը զգալիորեն բարձրացել է արևմտյան օրակարգում՝ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում, թեև ակնհայտորեն Ֆրանսիայում այն միշտ էլ բարձր տեղում էր: Բայց նաև այնպիսի երկրներում, ինչպիսին Գերմանիան է:
Կարծում եմ, որ հարցն այն է, թե բացի քաղաքական և ֆինանսական աջակցությունից իրականում ինչ կարելի է անել Հայաստանի պաշտպանության համար: Բայց ես կարծում եմ, որ արևմտյան կառավարությունների մոտ կամքն անշուշտ մեծանում է»։