Ամբողջ աշխարհում մոտ 240 միլիոն հաշմանդամություն ունեցող երեխա կա
ՍՐԱ ՄԱՍԻՆ Է ՓԱՍՏՈՒՄ ՅՈՒՆԻՍԵՖ-Ի ԱՄԵՆԱԸՆԴԳՐԿՈՒՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
Աշխարհում հաշմանդամություն ունեցող 10 երեխայից առնվազն 1-ը բախվում է մի շարք զրկանքների, ասվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում:
- Համաձայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի աշխարհում հաշմանդամություն ունեցող երեխաների թիվը կազմում է գրեթե 240 միլիոն: Հաշմանդամություն ունեցող երեխաները, ի տարբերություն հաշմանդամություն չունեցող երեխաների, ավելի անբարենպաստ դիրքում են գտնվում երեխայի բարեկեցությունը փաստող չափանիշների հաշվարկում,- ասվում է զեկույցում:
- Այս նոր հետազոտությունը հաստատում է այն, ինչ մենք արդեն գիտեինք։
Հաշմանդամություն ունեցող երեխաները բախվում են բազմաթիվ և հաճախ համակցված մարտահրավերների իրենց իրավունքների իրացման հարցում,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը:- Կրթության հասանելիությունից մինչև տանը երեխայի համար ընթերցելը. հաշմանդամություն ունեցող երեխաներն ավելի քիչ հավանական է, որ ներառվեն կամ լսված լինեն գրեթե բոլոր իրավիճակներում: Շատ հաճախ հաշմանդամություն ունեցող երեխաները պարզապես անտեսվում են:

Զեկույցը ներառում է 42 երկրների միջազգայնորեն համադրելի տվյալներ և ներառում է երեխաների բարեկեցության ավելի քան 60 ցուցիչ՝ սկսած սնուցումից և առողջությունից, մինչև ջրի և սանիտարական պայմանների հասանելիություն, բռնությունից և շահագործումից պաշտպանություն և կրթություն: Այս ցուցիչները բաժանված են ըստ ֆունկցիոնալ դժվարության տեսակի և ծանրության, երեխայի սեռի, տնտեսական կարգավիճակի և երկրի: Զեկույցը հստակորեն ցույց է տալիս, թե ինչ խոչընդոտների են բախվում հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց հասարակության լիարժեք մաս կազմելու համար, և թե ինչպես է դա հաճախ հանգեցնում առողջական և սոցիալական բացասական հետևանքների:
Համեմատած հաշմանդամություն չունեցող երեխաների՝ հաշմանդամություն ունեցող երեխաները.
• 24 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ստանան երեխայի կարիքները բավարարող խնամք
• 42 տոկոսով ավելի քիչ հավանական է, որ ունենա ընթերցանության և թվաբանության հմտություններ․
• 25 տոկոսով ավելի հավանական է, որ սուր թերսնուցում ունենան և 34 տոկոսով ավելի հավանական, որ թերաճ լինեն.
• 53 տոկոսով ավելի հավանական է, որ ունենան սուր շնչառական վարակի ախտանշաններ.
• 49 տոկոսով ավելի հավանական է, որ երբեք դպրոց հաճախած չլինեն․
• 47 տոկոսով ավելի հավանական է, որ չհաճախեն տարրական դպրոց, 33 տոկոսով` հիմնական/միջին դպրոցի ցածր դասարան և 27 տոկոսով` հիմնական/միջին դպրոցի բարձր դասարան.
• 51 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց դժբախտ զգան.
• 41 տոկոսով ավելի հավանական է, որ իրենց հանդեպ խտրական վերաբերմունք ցուցաբերեն․
• 32 տոկոս ավելի հավանական է, որ ենթարկվեն ծանր մարմնական/ֆիզիկական պատժի:
Այնուամենայնիվ, հաշմանդամություն ունեցող անձանց փորձառությունը մեծապես տարբերվում է: Վերլուծությունը ցույց է տալիս, որ կա ռիսկերի և արդյունքների որոշակի սպեկտր՝ կախված հաշմանդամության տեսակից, երեխայի բնակության վայրից և իրեն հասանելի ծառայություններից: Սա ընդգծում է անհավասարությունները վերացնելու թիրախային լուծումների ստեղծման կարևորությունը:
Կրթության հասանելիությունը զեկույցում արծարծված թեմաներից մեկն է: Չնայած կրթության կարևորության շուրջ համատարած համաձայնությանը, հաշմանդամություն ունեցող երեխաները դեռևս հետադիմում են: Զեկույցը ցույց է տալիս, որ շփվելու և իրենց մասին հոգ տանելու դժվարություններ ունեցող երեխաներն ավելի հավանական է, որ դպրոց չհաճախեն՝ անկախ կրթական մակարդակից: Մեկից ավելի հաշմանդամություն ունեցող երեխաների շրջանում դպրոցից դուրս մնալու ցուցանիշներն ավելի բարձր են, իսկ հաշմանդամության ծանրությամբ պայմանավորված անհավասարությունը դառնում է ավելի տեսանելի:
«Ներառական կրթությունը չի կարելի շքեղություն համարել։ Չափազանց երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաները դուրս են մղվել հասարակությունից, երբ ոչ մի երեխա երբեք չպետք է այդպիսի վերաբերմունքի բախվի: Որպես հաշմանդամություն ունեցող կին՝ իմ ապրած փորձը հաստատում է այդ պնդումը», - ասում է 20-ամյա Մարիա Ալեքսանդրովան՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներառական կրթության երիտասարդ ակտիվիստը Բուլղարիայից: «Ոչ մի երեխա, հատկապես ամենախոցելի խմբերում գտնվողները, չպետք է միայնակ պայքարի իր հիմնարար մարդու իրավունքների համար: Մեզ պետք են կառավարություններ, շահագրգիռ կողմեր և ՀԿ-ներ՝ ապահովելու հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության հավասար, ներառական հասանելիությունը»:
ՅՈՒՆԻՍԵՖ-ը, համագործակցելով գլոբալ և ազգային գործընկերների հետ, աջակցում է իրացնել հաշմանդամություն ունեցող երեխաների իրավունքները: Բոլոր երեխաները, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող, պետք է իրենց կարծիքն արտահայտեն այն հարցերի շուրջ, որոնք ազդում են իրենց կյանքի վրա, հնարավորություն ունենան իրացնելու իրենց ներուժը և պահանջելու կյանքի կոչել իրենց իրավունքները: ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում կառավարություններին՝
• Հաշմանդամություն ունեցող երեխաներին տրամադրել հավասար հնարավորություններ։ Կառավարությունները պետք է համագործակցեն հաշմանդամություն ունեցող անձանց հետ՝ վերացնելու ֆիզիկական, հաղորդակցական և վերաբերմունքային խոչընդոտները, որոնք նրանց թույլ չեն տալիս ներառվել հասարակության մեջ, ինչպես նաև ապահովեն ծննդյան գրանցում, ներառական խնամք, սնուցում և ջուր, արդար և համահավասար կրթություն և օժանդակ տեխնոլոգիաների հասանելիություն: Նրանք նաև պետք է աշխատեն վերացնելու խարանն ու խտրականությունը համայնքներում:
• Խորհրդակցել հաշմանդամություն ունեցող անձանց հետ և հաշվի առնել հաշմանդամության բոլոր տեսակները, ինչպես նաև երեխաների և նրանց ընտանիքների հատուկ կարիքները՝ ներառական ծառայություններ և համարժեք որակյալ համահավասար կրթություն տրամադրելիս: Սա ներառում է
պատասխանատու խնամք և ընտանիքամետ քաղաքականություն, հոգեկան առողջության և հոգեսոցիալական աջակցություն, ինչպես նաև պաշտպանություն չարաշահումից և անտեսումից:
Վերլուծության նպատակը հաշմանդամություն ունեցող երեխաների և երիտասարդների ներառման ընդլայնումն է, որպեսզի որոշումներ կայացնելիս նրանց հաշվի առնեն և նրանց ձայնը լսելի լինի:
Հաշմանդամություն ունեցող երեխաների թվի նոր գնահատականն ավելի բարձր է, քան նախորդ տարիներինը և հիմնված է հաշմանդամության ավելի խորը և ներառական ըմբռնման վրա, որը հաշվի է առնում հաշմանդամության բոլոր դրսևորումների դժվարությունները, ինչպես նաև տագնապայնության և ընկճախտի ախտորոշումը:
«Բացառված լինելը հաճախ անտեսանելի լինելու հետևանք է», - նշել է Ֆորը:
«Բավականին երկար ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխաների թվի վերաբերյալ հավաստի տվյալներ չունեինք։ Երբ մենք չենք կարողանում հաշվի առնել, լսել և խորհրդակցել այս երեխաների հետ, մենք չենք կարողանում օգնել նրանց բացահայտել իրենց հսկայական ներուժը»:
Իրավիճակը Հայաստանում
• 2020 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես գրանցված է հաշմանդամություն ունեցող 8771 երեխա, որոնցից 2757-ը՝ աղջիկ։ (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020թ․)
• Համաձայն «Հանրակրթության մասին» օրենքի՝ ՀՀ-ում բոլոր դպրոցները ներառական են։ 2021 թվականին ընդունվել է նախադպրոցական լրիվ ներառական կրթության համակարգին անցնելու գործողությունների ծրագիր։ (Աղբյուր՝ https://escs.am/am/news/8453):
• 2020 թվականի դրությամբ ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքների թիվը 86,927 է։ Այս թվից 2,933-ը հաշմանդամություն ունեցող երեխա ունեցող ընտանիքներ են: (Աղբյուր՝ Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը զեկույց, 2020թ.):
• 2016 թվականի դրությամբ գրանցված հաշմանդամություն ունեցող երեխաների միայն 1/3-ն է ընդգրկված նախադպրոցական հաստատություններում, մինչդեռ նրանց 2/3-ը վերականգնողական ծառայություններ չի ստանում։
• Հաշմանդամություն ունեցող երեխաներն ամենից հաճախ զրկվում են կրթության իրավունքից բազմաթիվ գործոնների պատճառով՝ սկսած մատչելիությունից և խտրական վերաբերմունքից մինչև մասնագետների և մասնագիտացված ուսումնական նյութերի բացակայություն:
ՔՈՎԻԴ-19-ը սրել է այս մարտահրավերներից մի քանիսը և ստեղծել նորերը։