Ծննդյան տոները ԱՄՆ-ի ոչ բոլոր աշխատավորների համար են տոնական
Աշխարհի ամենահզոր ու ամենաբարգավաճ երկիրը համարվող Միացյալ Նահանգների ներքին կյանքը ևս խնդիրներից զերծ չէ: Որպես արևմտյան մշակույթի կրող՝ ԱՄՆ-ում կարևոր տեղ ունեն Ծննդյան տոները: Միայն թե այս տարի այդ երկրի շատ աշխատողներ ստիպված էին տոնական օրերն անցկացնել աշխատավայրերում:
Այժմ այնտեղ փակ են ազգային պուրակների մի մասը, որոշ տեսարժան վայրեր: Իսկ ահա ավիակարգավարները, իրավապահ մարմինների ներկայացուցիչները, ՀԴԲ-ն, մաքսատների և շատ այլ հիմնարկների ծառայողներ ստիպված են անվճար աշխատել (տեղեկացնում է «Վեստին»):
Պատճառն այն է, որ տարեվերջին Կոնգրեսը չի կարողացել հաստատել պետական բյուջեի նախագիծը, քանի որ ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատնեշի կառուցումը ֆինանսավորելու վերաբերյալ վեճն այդպես էլ լուծում չի գտել: Իսկ թե ստեղծված իրավիճակը որքան կտևի, չի կարող գուշակել անգամ ինքը՝ այդ պատնեշի կառուցման մեծ ջատագով Դոնալդ Թրամփը: ԱՄՆ նախագահը լոկ մեկ բանում է համոզված՝ կառավարությունն աշխատանքները կվերսկսի միայն այն ժամանակ, երբ շինարարության համար դրամ կհատկացվի: