Կատալոնիան Իսպանիային առաջարկել է «ժողովրդավարական համաձայնության» գալ

Այս տարվա դեկտեմբերի 20-ին Կատալոնիայի ժեներալիտետի ղեկավար Կիմ Տորրան հանդիպել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ, որի մասին մանրամադներ հայտնել է միայն դրանից հինգ օր անց: Երևում է՝ Տորրան հարմար առիթի է սպասել, որն էլ համարել է Կատալոնիայի ժեներալիտետի առաջին ղեկավար Ֆրանսեկ Մասիի մահվան 85-ամյակի կապակցությամբ նրա գերեզմանին ծաղիկներ դնելու ավանդական արարողությունը:
Տորրան ասել է, որ հանդիպման ժամանակ Իսպանիայի վարչապետին է հանձնել 21 կետից բաղկացած առաջարկությունների փաթեթ «ժողովրդավարական համաձայնության» մասին: Իր ելույթում նա նշել է, որ իրենց առաջ քաշած նախաձեռնությունների թվում է «Ինքորոշման իրավունքի իրացումը՝ ներառյալ միջազգային հանձնաժողովի ստեղծումը, որը հանդես կգա որպես միջնորդ Կատալոնիայի և Իսպանիայի կառավարությունների միջև»:
Իսկ ի՞նչ լծակ ունի Կատալոնիան՝ ներգործելու Իսպանիայի կենտրոնական իշխանություննեի վրա: Տարածաշրջանի ղեկավարը նախազգուշացրել է, որ առաջարկություններն անպատասխան մնալու պարագայում Կատալոնիայի իշխանությունները հավանություն չեն տա Իսպանիայի պետական բյուջեին: