Ինչի՞ հաշվին հաղթեց Սալոմե Զուրաբիշվիլին, և արդյո՞ք ընդդիմությունը կարող է պահպանել իր ընտրազանգվածը

Ի՞ՆՉ ԵՆՔ ՄԵՆՔ ԻՄԱՑԵԼ ԱՅՍ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ. JAMnews

Անցած նապագահական ընտրություններն ամենամրցակցայինն ու լարվածն էին 2012թ-ից ի վեր, երբ «Վրացական երազանք» կոալիցիան պարտության մատնեց «Միացյալ ազգային շարժմանն» ու դուրս մղեց նրան իշխանությունից։

Երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է գրեթե 60% ձայն, սակայն առաջին փուլում շատ մոտ էր «Ուժը միասնության մեջ է» (գլխավորում էր «Միասնական ազգային շարժումը») ընդդիմադիր կոալիցիայի թեկնածու Գրիգոլ Վաշաձեին, որը երկրորդ տեղում էր։

Դա անակնկալ էր, առաջին հերթին, իշխող կուսակցության համար, որը սկսել էր խուճապի նշաններ ցուցաբերել։ Իսկ ընդդիմությունը հաղթանակի իրական հույս էր ստացել։

Ինչի՞ հաշվին է հաղթել Զուրաբիշվիլին

Երկրորդ փուլում ընտրության եկած քաղաքացիների թիվն աճել էր գրեթե 20 տոկոսով․ մասնակցության ցուցանիշը 46.7%-ից աճել էր մինչև 56.24%։

Հավանաբար, այս նոր ընտրողների ճնշող մեծամասնությունը քվեարկել է Զուրաբիշվիլիի օգտին։ Ինչո՞ւ։ Դա բացատրելու երկու եղանակ կա։

Առաջինն այն է, որ «Վրացական երազանքն» օգտագործեց Գրիգոլ Վաշաձեի հաղթանակի հեռանկարն ընտրողներին Միխեիլ Սաակաշվիլի վերադարձով և անկարգությունների մեկնարկով վախեցնելու համար։ Պատգամավորներից մեկը նույնիսկ քաղաքացիական պատերազմ կանխատեսեց Վաշաձեի հաղթանակի դեպքում։

Ընտրարշավը բացասական էր երկու կողմից էլ, և կուսակցությունները միմյանց հետ մրցում էին ապոկալիպտիկ սցենարների հորինմամբ։ «Վրացական երազանքը» թերևս ավելի հմուտ էր այդ հարցում։

Բացի այդ, երբ «Երազանքի» գլխին կախվեց պարտվելու հեռանկարը, նա քայլեր ձեռնարկեց, որոնցից ավելի վաղ զերծ էր մնում։

Խախտումներ եղան ողջ ընտրարշավի ընթացքում, սակայն, ըստ ընտրություններին հետևող տեղական և միջազգային կազմակերպությունների, ընտրությունների երկու փուլերի միջև ընկած ժամանակահատվածում ընտրական գործընթացի չափանիշները զգալիորեն անկում ապրեցին․ այն վատագույնն էր «Վրացական երազանքի» կառավարման ողջ ընթացքում։
Երկրորդ փուլից ինն օր առաջ վարչապետը հայտարարեց 600 հազար քաղաքացիների պարտքերը մասնավոր բանկերում մարելու պլանների մասին։

Ինչպես հետո բացատրեցին, այդ պարտքերը պետք է գնի «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիին պատկանող «Քարթու» բանկը (չի նշվում, թե ինչ գումարով), իսկ հետո արդեն «զրոյացնի»։

Ընդդիմությունն ու դիտորդներն այդ քայլը գնահատեցին որպես ընտրողներին կաշառելու բացահայտ փորձ, ինչին ի պատասխան կառավարությունը պարզապես ուսերը թոթվեց։

Դիտորդները խոսում էին նաև բյուջետային կազմակերպությունների աշխատակիցների վրա պարբերաբար գործադրվող ճնշման շատ դեպքերի մասին․ հաշվետվությունների համաձայն՝ նրանց սպառնացել են աշխատանքից ազատել, եթե նրանք չաջակցեն իշխանության թեկնածուին։

Ընտրատարածքներից դուրս իշխող կուսակցության համակարգողներն ուշադիր հետևում էին ընտրողների մասնակցությանն, իսկ հետո նրանց մեքենա էին նստեցնում ենթադրաբար նրա համար, որպեսզի հավատարմության համար որոշակի գումարով փոխհատուցեն։

Հնարավոր է, որ հենց այս մեթոդներն են իշխող կուսակցության ֆավորիտին հաղթանակ բերել։ Սակայն դա հստակ ապացուցել հնարավոր չէ։

Ինչո՞ւ այս ընտրությունները հանկարծ այդքան կարևոր դարձան

Այս լարվածությունը պարադոքսալ է թվում՝ հաշվի առնելով այն, որ, ըստ 2010 և 2017 թթ-ին մտցված սահմանադրական փոփոխությունների, նախագահը զուտ արարողակարգային ֆիգուրի է վերածվել։ Եվ ընդհանրապես այս նախագահական ընտրությունները վերջինն էին։

Սակայն իրականում մենք տեսանք 2020թ-ի նախագահական ընտրությունների փորձը։ Վերջին տարվա ընթացքում «Վրացական երազանքի» հանդեպ վստահությունն ակնհայտորեն նվազել է։
Ճգնաժամի անուղղակի ընդունում էր հանրային քաղաքականություն վերադառնալու մասին Բիձինա Իվանիշվիլիի որոշումը, որը նա կայացրեց մայիսին՝ զբաղեցնելով կուսակցության նախագահի պաշտոնը։

Նա ավելի վաղ էլ էր համարվում Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավար, սակայն նա ինքը հերքում էր դա և բացառում քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը, եթե միայն գործերը շատ վատ չլինեին։

Պարտությունը նախագահական ընտրություններում կարող էր ընկալվել որպես «Վրացական երազանքի» կառավարման ավարտի սկիզբ․ դա ընդդիմությանը թույլ կտար սանձել հաղթական ալիքը և կխորացներ իշխող կուսակցության ներսում հակասությունները։
«Երազանքը» դեռևս խուսափեց նման սցենարից։ Սակայն ընտրությունները ցույց տվեցին նրա հիմնարար թուլությունը։
Նրա օգտագործած մեթոդները զրկեցին նրան բարոյական կապիտալի այն վերջին նշույլներից, որը նա դեռ ուներ՝ ի տարբերություն իր հիմնական մրցակից «Միասնական ազգային շարժման»։

Բացի այդ, խորհրդարանական ընտրություններին «Վրացական երազանքն» այլ մրցակիցներ էլ կունենա, և նրա համար ավելի դժվար կլինի «Կամ մենք, կամ Միշան (Սաակաշվիլի)» կարգախոսը կիրառել։

Արդյո՞ք ընդդիմության հաղթանակը հնարավոր է

Սակայն տեղի ունեցածից կարելի է նաև այլ եզրակացություն անել․ եթե «Երազանքն» այս անգամ հաղթեց, կարող է նույն մեթոդների կիրառմամբ հաղթել նաև 2020թ-ին։

Այստեղ մենք հասնում ենք վրացական քաղաքականության ամենակարևոր ընդհանուր հարցին․ երբ իշխանության բոլոր լծակները մեկ կուսակցության ձեռքում են, կարո՞ղ է արդյոք ընդդիմությունը սկզբունքորեն հույս ունենալ ընտրությունների միջոցով իշխանության գալու։ Նույնիսկ այն դեպքում, երբ նա իշխանական կուսակցությունից շատ ավելի մեծ ժողովրդականություն է վայելում։

Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման վերջին տարիներին շատերն այդ հնարավորությանը կասկածով էին նայում․ հենց այդ պատճառով էր 2012թ-ի ընտրություններին «Վրացական երազանքի» հաղթանակն այդքան անսպասելի։

Սակայն դա հատուկ դեպք էր․ այսպես կոչված «վարչական ռեսուրսը», որն ուներ իշխանությունը, հավասարակշռվել էր Բիձինա Իվանիշվիլիի անձնական հսկայական հարստությամբ։
Ակնհայտ էր, որ առանց այդ գործոնի այն ժամանակվա ընդդիմությունը ոչ մի շանս չուներ։ Իսկ հիմա և վարչական ռեսուրսը, և հարստությունը նույն ձեռքերում է, և Վրաստանում չկա Իվանիշվիլիի պես ֆիգուր դրանք հավասարակշռելու համար։
Առաջին փուլից հետո հույս հայտնվեց, որ ընդդիմությունը կարող է հաղթել նույնիսկ անհավասար պայքարում։ Իսկ հիմա թերահավատությունը վերադարձավ։

Երբ այնպիսի բավականին աղքատ երկրում, ինչպիսին Վրաստանն է, իշխող կուսակցությունը վտանգի առաջ կանգնի, կառավարությունն ու գլխավոր օլիգարխը միշտ կարող են վախեցնել/գնել մի քանի հարյուր հազար մարդու և ընտրությունների ճակատագիրն իր օգտին շրջել։

Որքա՞ն ուժեղ պետք է լինի ընդդիմությունը, որպեսզի թույլ չտա նրանց այդպիսի բան անել։ Այս հարցն օդում կախված է։

Ինչպե՞ս են ընդդիմության գործերը

Չնայած պարտությանը՝ ընտրությունների արդյունքը որոշակի առումով ընդիմության համար հաղթանակ էր, որը միավորվել էր «Ազգային շարժման» շուրջ։ Նրանք հերքեցին տարածված կարծիքն այն մասին, թե կուսակցությունը չի կարող ընդլայնել իրեն սատարողների շրջանակը և դուրս գալ իր կողմնակիցների շրջանից։
Վաշաձեի օգտին այնպիսի մարդիկ էին քվեարկել, որոնք, թվում է, վերջնականապես հիասթափվել էին «Ազգային շարժումից»։

Այո, կարելի է ասել, որ նրանք, իրենց հերթին, իշխող կուսակցության դեմ էին քվեարկում։ Սակայն մարդիկ, այնուամենայնիվ, «Ազգային շարժումը» նախընտրեցին ընդդիմադիր այլ ուժերից։

Արդյո՞ք «Միացյալ ընդդիմությունը» արող է զարգացնել իր այս հաղթանակը։ Դրա ենթադրյալ առաջնորդ Միխեիլ Սաակաշվիլին նրա և գլխավոր ռեսուրսը, և գլխավոր արգելակողն է։ Հավանաբար, կոալիցիայի ներսում արդեն որոշակի լարվածություն է առաջացել։
Հենց էքզիթ-փոլերը ցույց տվեցին, որ Զուրաբիշվիլին է հաղթել, Սաակաշվիլին ժողովրդին կոչ արեց չճանաչել ընտրությունների արդյունքներն ու քաղաքացիական անհնազանդություն հայտարարել։

Սկզբում Գրիգոլ Վաշաձեն նրանից առանձնացավ՝ հայտարարելով, որ դա ընդամենը մի մարդու կարծիք է, և կոալիցիան պետք է ընդհանուր դիրքորոշում մշակի։

Սակայն հաջորդ օրը կոալիցիան ընտրությունները գողացված անվանեց և հայտարարեց, որ հանրահավաք է անելու դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելով։

Արդյո՞ք այս մարտավարությունը նրանց արդյունք կբերի, թե՞, ընդհակառակը, կվնասի քաղաքական ուժին, որը հիմա ակտիվ է։ Տվյալ փուլում երկրորդ ենթադրությունն ավելի հնարավոր է թվում։

Ընտրությունների արդյունքը կասկածի տակ է դրել ևս մեկ տարածված կարծիք։

Որպես շուաշիստներ («միջիններ», որոնք «մեջտեղի» դիրքորոշում ունեն) հայտնի մարդկանց մեծ մասը կարծում էր, որ Սաակաշվիլին այնքան «թունավոր է», որ նրա կուսակցությունը երբեք չի հաղթի, և այդ շղթան հնարավոր է ճեղքել միայն «երրորդ ուժի» օգնությամբ, որը կապված չէ ոչ «Ազգային շարժման», ոչ «Երազանքի» հետ։ Մենք այս մասին լսում ենք նվազագույնը հինգ տարի։

Այդ ընթացքում մենք տեսել ենք «երրորդ» ուժի բազմաթիվ հավակնորդների, սակայն նրանցից ոչ մեկն առանձնապես համոզիչ չէր։

Այդ առումով առավել հաջողակը դեռևս «Եվրոպական Վրաստանն» է (ստեղծվել է 2017թ-ի սկզբին «Ազգային շարժումը» լքած առաջնորդների կողմից)։

Դրա առաջնորդ Դավիթ Բակրաձեն առաջին փուլում համեմատաբար լավ, բայց ոչ այնքան տպավորիչ 11% արդյունք ցուցադրեց։ Սակայն, քանի որ այդ կուսակցությունն, այնուամենայնիվ, «Ազգային շարժումից» է առաջացել, «շուաշիստներից» շատերն այն բավականաչափ «երրորդ» չեն համարում։

Իսկ խորհրդարանի նախկին նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, որն իր արշավն այն բանի վրա էր կառուցում, որ «Վրացական երազանքն» ու «Ազգային շարժումը» նույնքան վատն են, ստացավ ձայների մոտ երկու տոկոսը։

Այսպիսով, ընդդիմադիր ճամբարում իրավճակը մի փոքր խառն է, ինչը պետք է հուսադրի Իվանիշվիլիին։ Սակայն Վրաստանի վերջին տարիների պատմությունը մեզ սովորեցրել է, որ ընտրություններին մնացած երկու տարում շատ բան կարող է փոխվել։ Հիմա մենք կարող ենք միայն ասել, որ ստատուս քվոն պահպանվել է, բայց մի փոքր տեղաշարժվել է։