Թրամփի «ամանորյա նվերը» Չինաստանին

Չինաստանին, կարելի է ասել, ամանորյա նվեր է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Կիրակի օրը Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Սառա Սանդերսը հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է 2019թ. հունվարի 1-ից Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերը 10 և 25 տոկոսով չբարձրացնել:

Վաշինգտոնը միաժամանակ նախազգուշացրել է, որ եթե դրան հաջորդող 90 օրվա ընթացքում Չինաստանի հետ առևտրական որոշ հարցերի կապակցությամբ համաձայնությայն  չգան, տասը տոկոսանոց մաքսատուրքերը կավելանան 2,5 անգամ:

Հիշենք, որ իր հայտարարած առևտրային պատերազմի չինական ճակատում Միացյալ Նահանգները այս ամառ ՉԺՀ-ից  ներմուծվող 818 անուն ապրանքի վրա 25%-անոց մաքսատուրքեր դրեց, որը կազմում է տարեկան 34 մլրդ դոլար: Չինաստանը դրան պատասխանեց ճիշտ և ճիշտ համարժեք քայլերով: Սեպտեմբերի սկզբին ուժի մեջ մտան ամերիկյան նոր` 10%-անոց մաքսատուրքերը` տարեկան 200 մլրդ դոլարի չափով, որին Չիանաստանը պատասխանեց 10 և 5 տոկոսանոց մաքսատուրքերով` տարեկան 60 մլրդ դոլարի չափով:

Թե 90 օր հետո ինչ չափով համաձայնության կգան աշխարհի այս երկու հզորագույն տերությունները` ժամանակը ցույց կտա: Բայց անկախ այդ համաձայնությունից, անհերքելի է մնում այն իրողությունը, որ երբ իրար են բախվում հսկաները, թվում է, թե ցնցվողն ամբողջ երկրագունդն է լինում: Իսկ ցնցումները հիմնականում նաև ավերածություն են առաջ բերում…