Վրաստանի նախագահ է դարձել Ֆրանսիայում ծնված Սալոմե Զուրաբիշվիլին
Երեկ մեր հարևան Վրաստանում երկրորդ փուլով նախագահ են ընտրել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին, ում աջակցում է կառավարող «Վրացական երազանք» կուսակցությունը:
Վրացիներն արդեն հասցրել են հաշվել բոլոր քվեաթերթիկները, որից պարզ է դարձել, որ Զուրաբիշվիլիի օգտին ձայն է տվել ընտրողների 59,52%-ը, իսկ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի օգտին` 40,48%-ը:
Այսպիսով, այս անգամ նույնպես Վրաստանում երկրի ղեկը վստահեցին Արևմուտքում կրթություն ստացած մարդու: Սալոմե Զուրաբիշվիլին 1952թ. Փարիզում ծնվել է վրացի քաղաքական տարագիրների ընտանիքում (այնտեղ են տեղափոխվել 1921թ.), ավարտել է Ֆրանսիայի քաղաքական գիտությունների ինստիտուտը, սովորել է ԱՄՆ-ի Կոլումբիայի համալսարանում և մասնագիտացել է Ռուսաստանի ուսումնասիրության գծով:
Վրաստանի քաղաքական կյանքում նա հայտնվել է 2003թ.` դառնալով այդ երկրի դեսպանը Ֆրանսիայում: Ընդ որումէ, 1974թ. մինչ այդ պահը Զուրաբիշվիլին աշխատել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում:
Դիվանագիտական մեծ փորձ ունեցող Սալոմեին «վարդերի հեղափոխության» առաջնորդը վստահել էր Վրաստանի արտաքին գործերի ղեկը, միայն թե նա շուտով սկսել է քննադատել Սահակաշվիլիին և բնականաբար հրաժեշտ է տվել պաշտոնին: Ընդդիմադիր դարձած Զուրաբիշվիլին բողոքի գործողություններ է կազմակերպել` պահանջելով նախագահի հրաժարականը:
2016թ. Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Զուրաբիշվիլին նախագահ ընտրվելուց հետո հայտարարել է, որ իր կարևոր նպատակն է համարում համախմբել հասարակությունը, երկրում հաստատել հանդարտություն ու կայունություն:
- Շատ շնորհակալ եմ ինձ ցույց տված վստահության համար: Ես կլինեմ նախագահը Վրաստանի բոլոր քաղաքացիների` թե՛ նրանց, ովքեր ինձ աջակցել են, թե՛ նրաց, ովքեր ինձ ձայն չեն տվել,- ասել է Վրաստանի 66-ամյա նոր նախագահը:
Եվ այսպես` մեր հարևան պետությունը նոր ղեկավար ունի` տարիքն առած, այսօրվա չափանիշներով լավ կրթություն ստացած, քաղաքական փորձ ունեցող կին: Քանի որ նա իշխող կուսակցության աջակցությունն է վայելում, հավանաբար` Վրաստանում քաղաքական ուղեգծի կտրուկ շրջադարձ չի լինի: Բայց այնտեղ կատարվող ամեն ինչ կարող է ուղղակիորեն ազդել ոչ միայն այժմ Վրաստանի կազմում գտնվող հայաբնակ շրջանների բնակիչների, այլև հենց Հայաստանի ճակատագրի վրա: Այնպես որ, նոր նախագահի անձն ու քաղաքական գերակայություններն իմանալը մեզ համար համար շատ կարևոր է: