Դյուրաբեկ խաղաղություն

Թվում է՝ Երկրորդ աշխարհամարտի դասերը ցեղասպանության առումով ավելի ընկալված են: Գործադրողը դատապարտված է, և ցեղասպանվածը՝ հատուցված: Մինչդեռ Առաջին աշխարհամարտի ցեղասպանություններն ու ցեղային զտումները համարժեք դատապարտանքի և հատուցման չեն արժանացել: Ինչը նպաստում է, որ խաղաղությունը մնա դյուրաբեկ։
 
Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակի միջպետական տարողունակության երևույթը, բնականաբար, մտածելու տեղիք է տալիս քաղաքական առանցքային ուղերձներ փոխանակելու կարևոր հանգամանքների մասին:
 
Այս շրջագծում նախաձեռնող կողմը՝ Ֆրանսիան, իր նախագահի միջոցով հայտարարեց ներկա աշխարհակարգի դյուրաբեկ խաղաղության վրա հենած լինելու իրականության մասին: Իսկ երբ սպառնալիքի տակ եղած խաղաղությունը հիշվում է առաջին աշխարհամարտի ավարտի նշման առիթով, անուղղակիորեն մատնանշվում են նոր լայնածավալ պատերազմների բռնկման վտանգները:
 
Ազգայնականության հղացքը իբրև զարգացող բացասական երևույթ հայրենասիրական դրական հասկացողությանը հակադրելով՝ Ֆրանսիայի նախագահը սլաքները դիվանագիտականորեն ուղղեց ԱՄՆ նախագահին, որ Վաշինգտոնի քաղաքականության իրականացման համար հրապարակայնորեն շարունակում է խոսել ազգայնական գաղափարախոսություն որդեգրած լինելու մասին:
 
Քաղաքական հիմնական ուղերձը այս բոլորից հետո Եվրոպայի վերականգնման առաջադրանքն է՝ ՆԱՏՕ-ում Եվրոպայի դերակատարության աստիճանաչափի բարձրացման և ընդհանրապես համաեվրոպական պաշտպանական անկախ համակարգ կայացնելու համոզումների բարձրաձայնումներով:
 
Այս առանքային գծի իրացումը հեռանկարային կլինի ոչ միայն աշխարհակարգային փոփոխությունների և դյուրաբեկ խաղաղությունը ամրացնելու, այլ նաև հայկական գործոնի առումով՝ եթե նկատենք, որ ռուսական կախյալության և դեպի տարածաշրջան ամերիկյան աշխույժ թափանցման քաղաքականության արանքում Երևանը ջանում է խորացնել դեպի Եվրոպա ինտեգրման արտաքին քաղաքականությունը: 
 
Այս հանգամանքները նկատի ունենալով էր, որ Եվրոպայի կայացման համար պաշտոնական Երևանը, վարչապետի պաշտոնակատարի այս առիթով ունեցած ելույթում խաղաղության դյուրաբեկ իրավիճակի պատասխանատուներին հիշեցրեց առաջին աշխարհամարտի ընթացքում Ցեղասպանություն իրականացրած պետության մասին, որի գործադրածը, եթե համարժեք դատապարտանքի արժանանար՝ չպիտի կրկնվեին իրարահաջորդ մյուս ցեղասպանությունները: 
 
Պահը լիարժեք կօգտագործվեր՝ հիշելու նաև ազգերի ինքնորոշման իրավունքի ընտրովի հարգման իրականությունը ՝ պարզ դարձնելով, որ այն, ինչը չի տրվում այսօր Արցախի ժողովրդին, շնորհվում է այլ ժողովուրդների։ 
Մինչ, ֆրանսահայ կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհուրդը Ֆրանսիայի նախագահին նամակ էր հղել՝ բողոք հայտնելով, որ խաղաղությունը գերադասող նման միջպետական հավաքի ոգուն հակադիր է Անկարայի ներկայությունը, որը շարունակում է ժխտել առաջին աշխարհամարտի ընթացքում իր կազմակերպած տարբեր ազգաբնակչությունների տեղահանություններն ու բնաջնջումները:
 
Թուրքիայի դերակատարությունը միայն պատմական առումով չէ անշուշտ, որ չի համընկնում հավաքի ոգուն, տրամադրություններին և  առաջադրանքներին: Ազգայնականությունը մերժող Եվրոպայի այն ղեկավարները, որոնք շեշտում են մոլորակի այսօրվա դյուրաբեկ խաղաղությանն սպառնացող վտանգները բոլոր առումներով, գիտակցում են իհարկե, որ խաղաղության դյուրաբեկման գլխավոր պատասխանատուներից է Անկարան, որ Եվրոպային սպառնում է փախստականների ալիքներով, նրանց առընթեր դեպի Եվրոպա ահաբեկչություն արտահանելու իր կարողականությամբ և էրդողականական ազգայնականության տարբեր դրսևորումները Թուրքիայից դեպի եվրոպական զանազան քաղաքներ տեղափոխումով:
 
Թվում է՝ Երկրորդ աշխարհամարտի դասերը ցեղասպանության առումով ավելի ընկալված են: Գործադրողը դատապարտված է և ցեղասպանվածը՝ հատուցված: Մինչդեռ Առաջին աշխարհամարտի ցեղասպանություններն ու ցեղային զտումները համարժեք դատապարտանքի և հատուցման չեն արժանացել: Ինչը նպաստում է, որ խաղաղությունը մնա դյուրաբեկ։
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր