Ռուսական Ս-300-ները կօգնե՞ն Սիրիային
Ի՞նչ կարող է տալ սպառազինության ավելացումը պատերազմող երկրին: Որքան էլ ավելորդ զենքը կարող է դառնալ պատերազմական նոր գործողությունների և նոր զոհերի պատճառ, այնուամենայնիվ այն նաև հնարավորություն է ստեղծում զսպել հակառակորդին, հարկադրում գործողությունների դիմելուց առաջ հաշվի
առնել նաև սեփական հնարավոր կորուստների չափը:
Պատերազմող Սիրիային նրա դաշնակից Ռուսաստանը Ս-300 զենիթահրթիռային համակարգեր է տրամադրել, որոնց զսպիչ գործոնի հավանականության մասին խոսել է Սիրիայի բանակի քաղվարչության ղեկավար, բրիգադային գեներալ Հասան Ահմադ Հասանը:
Հասանը ասել է, որ Սիրիայի բանակին ռուսական Ս-300-ներ մատակարարելը նվազեցրել է Իսրայելի հրթիռային գրոհների հաջողության հավանականությունը (հաղորդել է «ՌԻԱ-նովոստին»): Զինվորականի խոսքով՝ ռազմավարության մեջ «զրոյական հավանականություն» հասկացողություն չկա, դրա համար չի կարելի ասել, թե իսրայելական գրոհների հավանականությունը հավասարեցված է զրոյի:
- Որովհետև մենք խոսում ենք բաց երկնքի մասին, ձգված սահմանի մասին, զանազան աշխատակարգերի մասին: Այդ պատճառով ես չեմ կարող ասել, որ չի լինի այնպիսի հավանականություն, որի դեպքում այդ ագրեսիան իր նպատակին հասնի,- ասել է սիրիական բանակի բարձրաստիճան զինվորականը:
Նա նշել է, որ գրոհի պարագայում Սիրիան իրավունք ունի «մեր երկինքը պաշտպանել ինչպես ռուս բարեկամների հետ համակարգված, այնպես էլ ինքնուրույն»: Բացի այդ, գեներալի խոսքով, իրենք կգործադրեն բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հենց որ հակահարված տալու հնարավորություն ունենան:
Գեներալի այս խոսքերը թերևս պատասխան են եղել Իսրայելից հնչած հայտարարության, թե իրենք պատրաստ են գրոհել Սիրիայում եղած ռուսական Ս-300-ների վրա: Իսրայելական զենքերը, իհարկե, զենքի հանցագործ (ուրիշ ի՞նչ անուն կարելի է դրան տալ) շուկայում բավական հայտնի են, և մեզ հետ անհաշտ պատերազմող Ադրբեջանը նաև դրանք ունենալու շնորհիվ է անընդհատ հոխորտում:
Միայն թե հոխորտալը դեռևս ուժի նշան չէ, ոչ էլ՝ հաղթելու երաշխիք: Այնպես որ, հնարավոր է՝ Սիրիայում գտնվող Ս-300-ներին հարվածելու Իսրայելի սպառնալիքը նույնպես այս կարգի բան է: Բայց նաև հնարավոր է՝ իսրայելական գրոհները նորից սկսվեն, Սիրիան պատասխանի Ս-300-ներով, և ամբողջ Արևմուտքն ու նրանց ձայնակցողները սկսեն մեղադրանքներ թափել Ռուսաստանի ու Սիրիայի գլխին, թե դուք քանի՞ գլխանի եք, որ համարձակվել եք պաշտպանվել: Չէ՞ որ մեր աշխարհում առողջ տրամաբանությունը վերջին բանն է, որին հետևում են աշխարհի բախտի համար պատասխանատուները: