«Բարեփոխումների հակված» առաջնորդը ժամանել է Մոսկվա

Ռուսական լրատվամիջոցները նշում են, թե Կուբայի նոր առաջնորդին հետաքրքրում են Ռուսաստանի հետ աևտրային և ռազմական համագործակցությունը: Եվ սա՝ «այն դեպքում, երբ ԱՄՆ-ի հետ Հավանայի
հարաբերությունները ոչ մի լավ բան չեն խոստանում»:
Այս տարվա ապրիլին էր, որ Դիաս Կանել Բերմուդեսը պետության ղեկավարի պաշտնում փոխարինեց Ռաուլ Կաստրոյին: Աշխարհում նրան համարում են բարեփոխումների հակված գործնական տեխնոկրատ: Նրա գործունեության գնահատականը «Գազետա» կայքում տվել է Ռուսաստանի ԳԱ Լատինական Ամերիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Էմիլ Դաբաղյանը՝ Բերմուդեսին բնութագրելով որպես Ռաուլ Կաստրոյի հավատարիմ գործընկեր, ով «առաջ է տանում նրա ռազմավարական ուղեգիծը՝ Կոմկուսի վերահսկողությամբ չափավորված անցում կատարել շուկայական հարաբերություններին»: Հիշեցնենք, որ կես տարի առաջ Բերմուդեսը հայտարարեց, որ երկիրը սոցիալիզմի ուղեգծից շեղվելու ծրագրեր չունի:
Նշվում է, թե Երկու երկրների նախագահները մտադիր են քննարկել Ռուսաստանի և Կուբայի ռազմավարական գործընկերության ընթացիկ իրավիճակն ու զարգացման հեռանկարները: Ինչպես նշում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նախագահները կարծիքներ կփոխանակեն այն ոլորտների մասին, որտեղ հնարավոր է հասնել ռուս-կուբայական համագործակցության խորացման, ինչպես նաև կքննարկեն միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:
Դժվար է ասել, թե որքանով է արդարացված ռուսական լրատվամիջոցների չարախնդությունը, սակայն նույն օրը՝ նոյեմբերի 1-ին, Սպիտակ տունը մտադրություն է հայտնել Կոնգրեսում քննարկելու մի օրինագիծ, ըստ որի այժմ ԱՄՆ-ում ապրող նախկին կուբացիներն իրավունք կունենան դատարան դիմել՝ Կուբայում ազգայնացված իրենց սեփականությանը վերատիրանալու համար: Ելնելով նրանից, որ արդի աշխարհում սեփականության իրավունքը վեր է ամեն ինչից՝ Կուբային բազմաթիվ տհաճություններ են սպասում: Բայց սա գուցե նոր ազդակ դառնա հայերիս համար, որպեսզի անդրադարձ կատարենք Թուրքիայում առկա հայապատկան անբավ հարստությանը: