Պիցբուրգում ուրախ չեն Թրամփին տեսնել

Սինագոգի վրա այս հարձակումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ մտադիր է այցելել Պիցբուրգ: Միայն թե այնտեղ «ուրախ չեն նրան տեսնել»:
Ամերիկյան հրեաների Bend The Arc Պիցբուրգի մասնաճյուղն իր պաշտոնական կայքում տեղադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված բաց նամակ, որով նրա այցին դեմ է արտահայտվում, որովհետև կարծում է, որ սինագոգում տեղի ունեցած հրաձգության համար հրահրիչ դեր է կատարել հենց նախագահի «ազգայնամոլական» քաղաքականությունը:
- Վերջին երեք տարում ձեր խոսքերն ու ձեր քաղաքականությունը ոգեշնչել են աճող սպիտակ ազգայնամոլների շարժումը: Դուք ինքներդ եք մարդասպանին չարիք անվանում, սակայն երեկվա բռնությունը ձեր ներգործության անխուսափելի բարձրակետն է,- նշված է բաց նամակում:
Հրեական կազմակերպությունն ուղղակի գրել է, թե Պիցբուրգում Թրամփին տեսնել չեն ուզում:
- Նախագա՛հ Թրամփ, Պիցբուգում ուրախ չեն ձեզ տեսնել, քանի դեռ դուք չեք դատապարտել սպիտակ ազգայնամոլությունը: Պիցբուրգում ուրախ չեն ձեզ տեսնել, քանի դուք չեք դադարել գրոհել և վտանգի ենթարկել բոլոր փոքրամասնություններին,- ազդարարում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Սա կարծես թե օրերս Թրամփի արած հայտարարության պատասխան «առաջին ծիծեռնակն» է: Հիշեցնենք, որ ընտրողների հետ հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահն ասել էր, թե ինքը «նացիոնալիստ» (ազգայնական) է, և այդ բառն իրեն դուր է գալիս:
Աշխարհում այսօր օրեցօր թափ առնող բռնությունն ու ահաբեկչությունը, բնականաբար, դատարկ տեղում չեն առաջացել, դրանք բոլորն էլ նախապատմություն ունեն: Ցանկացած ազգայնամոլություն, որի հիմքում իր տեսակը բարձրացնելն ու ուրիշներին մերժելն է, վերջիվերջո հակազդեցություն է առաջացնում: Նույն հրեաներն էլ սիոնիզմի այլատյաց գաղափարներով են սնվում: Այնպես որ, մոլորակը նման միջադեպերից զերծ պահելու համար պետք է բոլորը միշտ հիշեն, որ ընտրովի արդարություն չի լինում: