Մոլդովան դեմ է արտահայտվել միասեռականների ամուսնության օրինականացմանը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀ ԴՈԴՈՆԸ

 
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ լիովին աջակցում է մոլդովացի պատգամավորին, ով ԵԽԽՎ նիստի ժամանակ հանդես է եկել միասեռական ամուսնությունների վերաբերյալ բանաձևի դեմ:
 
- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի շրջանակներում ՄՀՍԿ գործադիր քարտուղար, պատգամավոր Վլադ Բատիրիչը կտրականապես դեմ է հանդես եկել Եվրոպայի խորհրդի երկրներում միասեռական ամուսնություններն օրինականացնելու մասին բանաձևին: Դա ոչ միայն իմ և կուսակցության, այլև Մոլդովայի քաղաքացիների մեծամասնության դիրքորոշումն է,- «Դիմագրքի» իր էջում գրել է Դադոնը:
 
(Նշված կուսակցության լիրվ անունն է՝ Մոլդովայի հանրապետության սոցիալիստների կուսակցություն):
 
Իգոր Դոդոնը հիշեցրել է, որ Մոլդովայի սահմանադրությունը որպես ընտանիք ճանաչում է տղամարդու և կնոջ միությունը: 
 
- Համոզված եմ՝ այդպես եղել է, կա ու կլինի,- հավելել է նա: 
 
Դոդոնը չգիտես մոռացե՞լ, թե՞ անտեսել է այն փաստը, որ Մոլդովայի խորհրդարանը 2013թ. ընդունել է հնարավորությունների հավասարության օրենքը: Դրա հոդվածներից մեկն արգելում է խտրականությունը սեռական փոքրամասնությունների նկատմամբ: 
 
Հավանաբար նման օրենքներ՝ իրենց ծուղակային հոդվածներով, Արևմուտքը պարտադրում է բոլոր պետություններին, որոնք ցանկանում են այս կամ այն կերպ ներգրավվել նրա կառույցներում: Եվ սա այն Արևմուտքն է, որտեղ ժողովրդավարություն ասելով՝ հասկանում են մեծամասնության որոշումների պարտադիր լինելը փոքրամասնության համար: Բայց քաղաքական գործընթացների վերլուծությունները հաճախ ցույց են տալիս, որ ավելի ճիշտ կողմնորոշվել էր հենց փոքրամասնությունը, որի խելացի դիրքորոշումը մնացել էր քվեատուփերի հատակին…