Վուչիչը հույս ունի աջակցություն ստանալ Ռուսաստանից, բայց…

Սերբիայում վերստին սրված իրավիճակում նախագահ Ալեքսանդր Վուչիչը աջակցության հույսեր ունի Ռուսաստանից: Հոկտեմբերի 2-ին երկու երկրների նախագահները հանդիպելու են, և Վուչիչը մտադիր է այդ աջակցությունը Պուտինից խնդրել:

Միայն թե հանդիպումից երկու օր առաջ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, թե ամեն ինչ կախված կլինի բանակցություններից, իսկ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե Ռուսաստանն արդյոք կօգնի՞:

Ուշագրավ է, որ Վուչիչի հետ մտադիր է բանակցել նաև ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յեն Սթոլթենբերգը: Նա ծրագրում է Բելգրադ ժամանել հոկտեմբերի առաջին կեսին: Հանդիպման մանրամասները չեն հրապարակվում` ելնելով իրավիճակի նրբությունից: Իսկ հանդիպման անհրաժեշտությունն առաջացել է Կոսովոյի հյուսիսում իրավիճակի սրման առիթով, որի համար Վուչիչը Սթոլթենբերգին բողոք էր հայտնել: Կոսովոյի հատուկ ծառայությունները զբաղեցրել են «Գազիվոդե» ՀԷԿ-ի և լճի ելքերը, որից հետո Վուչիչը երկրի բանակը լիովին ռազմական պատրաստության է բերել:

Երևում է` եղբայր սերբերին անվարան աջակցելը Ռուսաստանի համար այնքան էլ հեշտ չէ: Դա, թերևս, նոր լարվածություն կմտցնի Արևմուտք-ՌԴ հարաբերություններում: Բացի այդ, Թուրքիան Կոսովոն իր ազդեցության գոտի է համարում, ամիսներ առաջ «Ավանգարդը» հրապարակել էր թուրք պաշտոնյաների գործունեությունը ներկայացնող նյութ, որից պարզ երևում էր, որ նրանք Կոսովոն համարյա թե Թուրքիայի մի վարչական շրջան են համարում: Դե, իսկ այս օրերին Ռուսաստանը Թուրքիայի հետ Մերձավոր Արևելքի խնդիրների մեջ է թաթախված և բարեկամ-բարեկամ է խաղում: Այնպես որ, դժվար է երևակայել` բանակցությունների ընթացքում այդ ինչո՞վ պետք է վարձահատույց լինի Սերբիան, որ Ռուսաստանը վտանգի սեփական շահերը: