Մերկելը որոշել է Հեմնիցի իրադարձություններից անձամբ գլուխ հանել

Այն ինչ կատարվել է Գերմանիայի Դաշնության Սաքսոնիա վարչական միավորի Հեմնից քաղաքում, աշխարհի շատ լրատվամիջոցներ են լուսաբանել, տեսանյութեր հրապարակել և արձանագրել, որ տեղի ունեցածը բողոքի գործողություններից հետո ծագած անկարգություններ են: Բայց պարզվում է՝ Սաքսոնիայի վարչապետը ոչ մի նման բան չի տեսնում:
 
Հիշեցնենք, որ անցած շաբաթ Հեմնիցում մի կռվի ժամանակ ներգաղթյալները տեղացու են սպանել, որին բողոքի բազմաթիվ գործողություններ են հաջորդել: Մարդիկ զանգվածաբար բաղոքել են ներգաղթի քաղաքականության դեմ, գործողությունները վերաճել են անկարգությունների, ներգրավվել են նաև ծայրահեղ աջերը: Ստեղծված իրավիճակը առանձին մարդիկ տարբեր կերպ են մեկնաբանում: 
 
Օրինակ Սաքսոնիայի վարչապետը չորեքշաբթի հայտարարել է, թե իր կարծիքով՝ քաղաքում ո՛չ հետապնդում է եղել, ո՛չ էլ անկարգություններ: Սեպտեմբերի 6-ին Անգելա Մերկելը հայտնել է, որ նման գնահատականին համամիտ չէ: 
 
- Մենք տեսել ենք կադրեր, որտեղ շատ հստակ երևում են ատելություն և դրա պատճառով անմեղ մարդկանց հետապնդումներ: Դրանով ամեն ինչ ասված է: Դուք պետք է ձեր անվստահությունը ցույց տաք,- հայտարարել է Անգելա Մերկելը: 
 
Գերմանիայի կանցլերը որոշել է անձամբ գնալ Հեմնից, որպեսզի գլուխ հանի, թե այնտեղ ինչ իրավիճակ է և ինչու է այնտեղի կառավարիչը պնդում, թե ոչինչ չի կատարվում: Բնականաբար, եթե հարցը վերաբերեր սոսկ հեմնիցեցիների միջև ծագած վեճին, Մերկելը հարկ չէր համարի անձամբ միջամտել: Սակայն ակնհայտ է, որ Հեմնիցում տեղի ունեցողը ընդամենը մի փոքրիկ բաղադրիչն է այն մեծ քաոսի, որին կարող է վերածվել օրինական ու անօրինական ներգաղթյալներով, վաղուց այնտեղի քաղաքացի դարձած թուրքերով ու ուրիշ այլազգիներով հագեցած Գերմանիան: Որից հետո հնարավոր է՝ հերթը հասնի Եվրոպայի մնացած հատվածներին:
 
Միայն թե պատկերավոր խոսք կա՝ ջինն արդեն շշից դուրս է եկել: Այդ միայն հեքիաթներում են կարողանում նրան նորից խաբել ու փակել իր դարավոր բանտախուց շշում: Այս պարագայում Մերկելը, որքան էլ մի հզոր երկրի երկարամյա ղեկավար է, կկարողանա՞ իրավիճակից գլուխ հանել ինչպես հարկն է: Չէ՞ որ դրա համար երկրի հզորություն ունենալը քիչ է: Պետք է կարողանալ պատճառահետևանքնային շղթայի օղակները դասավորել ճշգրիտ հերթականությամբ, որպեսզի իրավիճակը դրական ընթացք ստանա: Բայց որ կողմից էլ նայում ենք՝ աշխարհն այժմ զբաղված է միայն հետևանքները քննելով ու շտկելու փորձերով, իսկ պատճառները, առավել ևս՝ պատճառների պատճառները նրանց ուղեղում չեն տեղավորվում: 
 
Նույնն է, թե գետի հունը թեքվի ու սկսի տանդ միջով հոսել, իսկ դու գետն իր հունը վերադարձնելու փոխարեն փորձես նախ տունդ հեղեղող ջրերից ազատել: