Ռադայի խոսնակի կարծիքով՝ Հիտլերն ամենամեծ ժողովրդավարն է
Ուկրաինայում 2019թ. գարնանը նախագահական ընտրություններ են լինելու: Ըստ սեպտեմբերի 4-ին հրապարակված հարցման արդյունքների՝ ուկրաինացիների նախընտրությունն առայժմ Յուլյա Տիմոշենկոյի կողմն է: Մայիսին ունեցած 13,3% կողմնակիցների փոխարեն այս անգամ նրան Ուկրաինայի նախագահի պաշտոնում ցանկանում է տեսնել ընտրողների 17,8%-ը:
Երկրորդ տեղում պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոն է՝ 8,4%-ով, և միայն երրորդ տեղում՝ այժմյան նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ 7,9%-ով, թեև վերջինս դեռևս չի հայտարարել՝ իր թեկնածությունը վերստին առաջադրելո՞ւ է, թե՞ ոչ:
Այնպես որ, դեռևս հայտի չէ, թե հաջորդ տարի ո՞վ կլինի Ուկրաինայի նախագահը և դեպի ուր կառաջնորդի արևելաեվրոպական այս պետությունը: Առայժմ նրա հիմնական թշնամին Ռուսաստանն է, որը անկախացումից հետո նրանից տարածքներ է զավթե՞լ, թե՞ հետ վերցրել: Ու հատկանշական է, որ երեկ ՌԴ Պետդումայում պատգամավոր Միխայիլ Շերեմետը Պորոշենկոյին հեռակա խորհուրդ է տվել լուծել Սևծովյան նավատորմի վերստին լարված իրադրությունը՝ Ուկրաինայի սահմանադրությունից բացառելով Ղրիմը և դրա հետ առնչվող ամեն ինչ:
Բայց երևում է՝ Ուկրակինայի իշխանություններն իրենց զգում են այն իրավիճակում, ինչ տիրում էր անցած դարի 30-ական թթ. Գերմանիայում: Օրինակ, Ուկրաինայի Գերագույն ռադայի խոսնակ Սերգեյ Պարուբին ICTV հեռուստաալիքի եթերում Ադոլֆ Հիտլերին անվանել է «ամենամեծ» ժողովրդավարը և բարձր գնահատել նրա ներդրումն այդտեղ:
- Ես ինքս ուղիղ ժողովրդավարության մեծ կողմնակից եմ… Ի դեպ ասեմ, որ ամենամեծ մարդը, ով կիրառել է ուղիղ ժողովրդավարությունը, եղել է Ադոլֆ Ալոիզովիչը 30-ական թթ.,- հայտարարել է քաղաքական գործիչը:
Նա հավաստիացրել է, որ ինքն ուղիղ ժողովրդավարությունն ուսումնասիրել է «գիտական մակարդակով» և կոչ է արել չմոռանալ ֆյուրերի ներդրումն այդ գործում:
Ռադայի ղեկավարը միակ բարձրաստիճան ուկրաինացին չէ, որ հիացած է Հիտլերով: Այս տարվա ապրիլին, օրինակ, Լվովի քաղաքային խորհրդի պատգամավոր Մարյանա Բատյուկը սոցցանցերում շնորհավորել է Հիտլերի ծննդյան օրը, իսկ մայիսին Համբուրգում Ուկրաինայի հյուպատոս Վասիլի Մարուշինեցը ֆաշիզմն անվանել է «պատվավոր» գործ և ներկայացրել է Ուկրաինայի դրոշի իր տարբերակը՝ կեռխաչով (սվաստիկա):
Իսկ թե ինչով ավարտվեց Հիտլերի նացիստական քաղաքականությունն ու գերմանական ազգի գերակայությունը հաստատելու մարմաջը, թերևս ամենացավագինը վերապրել է հենց Գերմանիան՝ կորուստներով, պարտության նվաստացումով և հրեական պետությանը տասնամյակներ շարունակ վճարված ռազմատուգանքներով…