Ի՞նչ է խոստանում Թրամփ-Կիմ Չեն Ըն նամակագրությունը
Սինգապուրում տեղի ունեցած հունիսյան պատմական հանդիպումից այս կողմ Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի առաջնորդները պարբերաբար նամակագրություն են փոխանակում:
Ինչպես հայտնի է, բանակցություններն ավարտվեցին համատեղ փաստաթղթի ստորագրմամբ, որով Փհենյանը հայտարում է իր պատրաստակամությունը՝ լիովին միջուկազերծ դարձնել Կորեական թերակղզին, իսկ Միացյալ Նահանգները պարտավորվում է ԿԺԴՀ-ին անվտանգության երաշխիքներ տալ:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, թե ԱՄՆ և ԿԺԴՀ առաջնորդների նամակագրությունն ուղղված է առաջ մղելու պարտավորությունները, որոնք ստանձնել են համատեղ հայտարարությամբ:
Օգոստոսի առաջին օրը Թրամփը նորից Կիմ Չեն Ընից նամակ է ստացել, որի մասին լրագրողներին տեղեկացրել է Սառա Սանդերսը՝ չմանրամասնելով ուղերձի բովանդակությունը:
- Օգոստոսի 1-ին առաջնորդ Կիմից նամակ է եկել նախագահ Թրամփի համար: Առաջնորդների միջև շարունակվող նամակագրությունը տեղի է ունենում Սինգապուրում նրանց հանդիպման կապակցությամբ և ուղղված է առաջ մղելու ամերակակորեական համատեղ հայտարարության շրջանակում ստանձնած պարտավորությունները,- նշել է Սանդերսը:
Թուիթերյան գրառումը պաշտոնական նամակ չէ, և այնտեղ քաղաքական գործիչները նշումներ են կատարում՝ ի գիտություն իրենց գործունեությամբ հետաքրքրվողների: Թրամփի գրառումից էլ մարդիկ տեղեկանում են, որ նա Կիմ Չեն Ընին շնորհակալություն է հայտնում Կորեական պատերազմի ժամանակ զոհված (1950-1953թթ.) ամերիկացի զինծառայողների աճյունները Միացյալ Նահանգներին հանձնելու կապակցությամբ: Թրամփի հաջորդ շնորհակալությունը «հաճելի նամակ» ստանալու համար է, որից հետո նա մոտալուտ անձնական հանդիպման հույս է հայտնում:
Եթե երկու երկրների նախագահների փակ նամակագրությունն էլ նույնքան բարեկամական է, որքան Թրամփի թուիթերյան գրառումները, ուրեմն երևի պետք է մտածել, թե Հյուսիսային Կորեայի կողմից աշխարհին սպառնացող պատերազմը կանխվում է: Բայց աշխարհի աչքի առջև է նաև Իրանի օրինակը, որտեղից օգոստոսի 2-ին հնչել է տեսակետ, թե «Վաշինգտոնին չի վստահում ոչ միայն Իրանը, այլև ամբողջ աշխարհը»: Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի այս խոսքերը փոխանցել է Tasnim գործակալությունը:
Ու դժվար է հավատալ, թե Հյուսային Կորեան «երկաթե վարագույրով» այնքան մեկուսացած է, որ ոչինչ չտեսնի: