Բանակցելու փոխարեն` դատի տալ Բրյուսելին
ԹՐԱՄՓԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՄԵՅԻՆ
Ժամանելով Միացյալ Թագավորություն` ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Sun լրագրին տված հարցազրույցում հայտարարել էր, թե Մեյի կառավարության համաձայնեցրած «մեղմ Brexit»-ը կսպանի Վաշինգտոնի հետ Լոնդոնի համաձայնագիրը ազատ առևտրի մասին, որովհետև այդ դեպքում Միացյալ Նահանգները «Մեծ Բրիտանիայի փոխարեն գործ է ունենալու Եվրամիության հետ»:
Իսկ ահա Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իրեն առաջարկել է Եվրամիության հետ Brexit-ի վերաբերյալ բանակցելու փոխարեն նրան դատի տալ: Այդ մասին նա խոսել է «Էնդրյու Մարրի շոու» ծրագրի կիրակնօրյա եթերում, որը հեռարձակում է Բի-Բի-Սի-ն:
Երբ հաղորդումը վարող Էնդրյու Մարրն իր բարձրաստիճան հյուրին հարցրել է, թե ինչ էր նշանակում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Թրամփի հիշատակած ինչ-որ խորհրդավոր «կոշտ առաջարկը», որով Թրամփը դիմել է Մեյին, վարչապետը պատասխանել է.
- Նա ինձ ասաց, որ ես պետք է ԵՄ-ին դատի տամ: Նրանց հետ բանակցություններ չվարել, այլ` դատի տալ:
Ըստ էության չի նշանակել, թե Թրամփը բրիտանական կառավարության ղեկավարին առաջարկում է բանակցությունները դադարեցնել:
- Բայց հետաքրքիր է նաև այն, թե նախագահն այդ մամուլի ասուլիսին է՛լ ինչ ասաց: «Այդ բանակցություններից դուրս մի՛ եկեք, որովհետև հետո ձեզ հարված կհասցնեն»: Այդ պատճառով էլ ես ցանկանում եմ, որ մենք նստենք և պայմանավորվենք Մեծ Բրիտանիայի համար լավագույն համաձայնագրի վերաբերյալ,- խոսքն առաջ է տարել Թերեզա Մեյը:
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին Մեծ Բրիտանիայի կառավարության հատուկ նիստում ընդունվել են ԵՄ-Մեծ Բրիտանիա ապագա հարաբերությունների որոշիչ սկզբունքները, որից հետո կառավարության երկու կարևոր դեմքեր` արտգործնախարար Բորիս Ջոնսոնը և Brexit–ի հարցերով նախարար Դեյվիդ Դեյվիսը, հրաժարական տվեցին: Նրանք պաշտպանում էին դիրքորոշումը, որ Բրյուսելին չափազանց մեծ զիջումներ են արվել, որոնք հակասում են այն հանրաքվեի ոգուն, որով Մեծ Բրիտանիան կամք արտահայտեց ԵՄ կազմից դուրս գալ:
Դոնալդ Թրամփը, որ Մեծ Բրիտանիայում է հուլիսի 12-ից, ուրբաթ օրն ավարտել է իր այցի պաշտոնական մասը: Նա Շոտլանդիայի իր սեփական գոլֆ-ակումբ տարածքում մնացել է մինչև հուլիսի 15-ը, որպեսզի այնտեղից ժամանի Հելսինկի` այսօր հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչ վերաբերում է Մեծ Բրիտանիայի հանդեպ Բրյուսելի պահվածքին՝ կարելի է եզրակացնել, որ այնտեղ ցանկանում են ցույց տալ, թե որքան դժվար բան է Եվրամիությունից դուրս գալը: Եթե Միացյալ Թագավորության նման հզոր պետության համար են կարողանում բազմաթիվ ծուղակներ պատրաստել, որքան ավելի հեշտ կլինի դա անել առայժմ գլխապատառ դեպի ԵՄ ձգտող տարբեր կարգի պետություների հետ: