Իրանի նավթային եկամուտները հասցնել 0-ի
Դուրս գալով Իրանի հետ միջուկային պայմանագրից` Միացյալ Նահանգների նախագահն այն ժամանակ (մայիսի 8-ին) խոստացավ ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել ԻԻՀ-ի նկատմամբ նախկին պատժամիջոցները, այլև նոր սահմանափակող միջոցներ մտցնել:
Մոտ 10 օր առաջ էլ պետքարտուղարության քաղաքական ծրագրերի տնօրեն Բրայան Հուկը հայտարարեց, թե ԱՄՆ-ը մտադիր է Իրանի նավթային եկամուտները 0-ի հասցնել էներգետիկական պատժամիջոցներով, որոնք, նրա խոսքով, կնորացվեն նոյեմբերի 4-ից:
Բայց քանի որ նավթը այսօրվա աշխարհում խիստ պահանջված ապրանք է, իսկ բնական պաշարներ և արդյունահանում քչերն ունեն, մոլորակի պետություններն ստիպված են այն գնել ունեցողներից: Այդ պատճառով էլ Իրանի նավթից կախում ունեցող պետությունները փորձում են լեզու գտնել Միացյալ Նահանգների հետ, որպեսզի կարողանան Իրանից նավթ գնել, սակայն պատժամիջոցների չենթարկվել:
Ըստ էության` ԱՄՆ պետքարտուղարությունը որոշակի քանակի նման հարցումներ է ստացել, որոնց մասին Sky News Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում խոսել է գերատեսչության ղեկավար Մայքլ Պոմպեոն: Այս հարցազրույցի տեսքտը հրպարակվել է պետքարտուղարության պաշտոնական կայքում:
ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ եթե Եվրոպայի և այլ տարածաշրջանների որոշ երկրներ շարունակեն Իրանից նավթ գնել, Վաշինգտոնը դա կդիտարկի որպես պատժամիջոցների կարգի խախտում:
- Երբ նոյեմբերի 4-ը վրա հասնի, ուժի մեջ կմտնեն ԱՄՆ պատժամիջոցները, որոնք թույլ չեն տալիս հում նավթի արտահանումը այլ երկրներ: Այդ գործունեությունը ենթակա է լինելու պատժամիջոցների: Փոքաթիվ երկրներ դիմել են Միացյալ Նահանգներին` խնդրելով իրենց դրանից բացառել: Մենք դա կքննարկենք,- ասել է Պոմպեոն:
Նա նաև կրկնել է, թե մտադիր է Իրանի ղեկավարությունը ցույց տալ, որ այդ երկրի տնտեսական իրավիճակը չի բարելավվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կատարում ԱՄՆ պահանջները…
Դժվար է երևակայել, որ Միացյալ Նահանգները նոյեմբերի 4-ին Իրանի նավթային եկամուտները 0-ի հասցնելու իր մտադրությունը կստորադասի մի քանի երկրների շահերին, որոնք ձմեռվա շեմին կմնան առանց նավթի ներմուծման:
Սրանից բացի «առևտրային պատերազմ» անունն ստացած մաքսատուրքերի սահմանումը ևս, կարելի է ասել, ԱՄՆ-ի դեմ կարող է միավորել աշխարհի շատ երկրների: Օրինակ, երեկ լուր տարածվեց, որ Ռուսաստանն ու Ճապոնիան քննարկում են, թե ինչպես նվազագույնի հասցնեն ԱՄՆ մաքսատուրքերից բխող վտանգը: