Խորամանկություն` «ի պետս» ՆԱՏՕ-ին անդամակցության

ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ՁԳՏՈՒՄ ԵՆ ՀՆԱՐԱՎՈՐԻՆՍ ՄՈՏԵՑՆԵԼ ԱՅԴ ՕՐԸ

Ուկրաինայի իշխանությունները երկու մեծ երազանք ունեն` իրենց երկիրը տեսնել Եվրամիության կազմում և անդամակցել ՆԱՏՕ-ին: Սրանցից ոչ մեկի իրականանալու հիմքեր մոտ ապագայում չկան:

Օրինակ, ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար Անդերս Ռասմուսենը կարծիք է հայտնել, թե Կիևը ստիպված կլինի Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելու հրավերի սպասել 20 տարի: Իսկ անդամակցությունից պակաս բան Ուկրաինան չի ուզում. 2014թ. Կիևին արտադաշինքային կարգավիճակ է առաջարկվել, որից նա հրաժարվել է: Ահա և այնտեղ մտմտում են, թե ինչպես անեն, որ անդամակցության ցանկալի օրը հնարավորինս շուտ մոտեցնեն:

Ուկրաինայի բանակի հետազոտությունների, վերասարքավորման և  զինաթափման կենտրոնի ղեկավար Վալենտին Բադրակը իշխանություններին «հզոր քայլ» է առաջարկել: Ըստ փորձագետի` հարկավոր է Ռուսաստանի հարձակողական քաղաքականության դեմ ամերիկացիներից պաշտպանություն խնդրել: Հարկավոր է ուղղակի ամերիկացիներին ասել, որ եթե Ուկրիանայում Patriot հրթիռներով հենակետեր տեղադրվեն, Կիևում իրենց ապահով կզգան:

Նման գաղափար Բադրակի գլխում ծնվել է, երբ փորձել է լուծել Ուկրաինայի ՆԱՏՕ մտնելու հարցը: Իսկ դրան խիստ կերպով խանգարում են Դաշինքի կանոնները: Դրանց համաձայն` ՆԱՏՕ-ի անդամության կարող են հավակնել միայն այն երկրները, որոնք սահմանակից պետությունների հետ տարածքային վեճ չունեն: 
Իր մտահղացման մասին Բադրակն այսպես է արտահայտվել (ըստ «Վեստիի»).

- Կա, իհարկե, մի  հզոր քայլ, սակայն Արևմուտքը դրան կգնա՞ արդյոք` դժվար է ասել:

Զարմանալի է, որ Ուկրաինայում անտեսում են մի կարևոր հանգամանք. չէ՞ որ նույն ՆԱՏՕ-ի անդամ երկու պետություն` Հունաստանն ու Թուրքիան, տարածքային վեճ ունեն: Երբ Թուրքիան զավթեց հունական Կիպրոսը, ՆԱՏՕ-ն նրան չվտարեց: Բայց գուցե Ուկրաինայի իշխանությունները չեն ցանկանում այս լարի վրա խաղալ, որպեսզի Թուրքիային հանկարծ չնեղացնե՞ն: