Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Մոլդավայի դեմ

ՊԱՏՃԱՌԸ ՔԻՇՆԵՎԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՉՃԱՆԱՉԵԼՆ Է

Ինչպես «Ավանգարդն» արդեն տեղեկացրել է, Քիշնևի քաղաքապետի ընտրությունների երկրոդ փուլում 52,57% քվե ստացած թեկնածուին թույլ չեն տվել մայրաքաղաքի ղեկավարությունն ստանձել:

Հունիսի 3-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքները անցած շաբաթ դատարանը չեղյալ է համարել` նշելով, թե ընտրությունների օրը քարոզչություն է իրականացվել:

Այս ամենին հուլիսի 5-ին արձագանքելով` Եվրախորհրդարանը  պահանջել է դադարեցնել Մոլդովային հատկացվող վճարումները: Եվրոպական կառույցը Մոլդովայի վերաբերյալ բանաձև է ընդունել և այդ երկրի իշխանություններին խստորեն քննադատել:

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` բանաձևի օգտին քվեարկել է նիստին ներկա 538 պատգամավորներից 353-ը:

Եվրապատգամավորները համարում են, որ օգնության տրամադումը դադարեցնելն անհրաժեշտություն է, և այդ կերպ իրենք արձագանքում են Քիշնևի քաղաքապետի ընտրությունները չճանաչելու փաստին:

Քաղաքապետի չճանաչված ընտրությունները, սակայն, առիթ են դարձել, որ կառույցում հիշեն Մոլդովայի ուրիշ «մեղքերը» ևս: Եվրախորհրդարանը Մոլդովայի իշխանություններից նաև պահանջում է բանկային համակարգից միլիարդավոր դոլարներ գողանալու գործով անցկացնել մանրազնին և արդյունավետ քննություն, գումարը վերադարձնել, իսկ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկել:

Մտքերի փոխանակության ժամանակ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից ռումինացի պատգամավոր Քրիստիան Պրեդան հայտարարել է, թե Մոլդովայում վտանգված է ժողովրդավարությունը: Նրա խոսքով` Քիշնևի քաղաքապետի ընտրությունները չեղյալ հայտարարելը հերթական ապացույցն է, որ Մոլդովան պատանդ է մեկ մարդու` օլիգարխ Վլադ Պլախոտնյուկի ձեռքին: