Հյուսիսային Կորեան` վերստին քննադատությունների թիրախում
Հյուսիսային Կորեան հրապարակայնորեն հրաժարվեց ատոմային ծրագրերից և համաձայնեց լիովին միջուկազերծ պետություն դառնալ: Սակայն արդեն տվյալներ են հրապարակվում, թե այնտեղ նույն թափով շարունակվում են ռազմական հզորացմանն ուղղված աշխատանքները. հաքերական գրոհներ են ծրագրվում, ինչպես նաև կառուցվում է մի սուզանավ, որի վրա կարող են բալիստիկ հրթիռներ տեղադրել:
Այս մասին, Yonhap News գործակալության փոխանցմամբ, հուլիսի 5-ին խոսել է Կորեայի «Ազատություն» կուսակցությունից ընդդիմադիր պատգամավոր Կիմ Հան Յոնը` խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահը:
Վկայակոչելով հարավկորեական պաշտպանական գերատեսչության տվյալները` քաղաքական գործիչը հայտարարել է, թե Հյուսիսային Կորեայում «ոչինչ չի փոխվել», և Յոնբյոնի միջուկային համալիրի ենթակառույցները լիովին պահպանում են աշխատանքային վիճակը: Նույնը վրաբերում է նաև հրթիռային շարժիչների փորձահրապարակին: Դրանից բացի` վկայություններ կան, որ ԿԺԴՀ-ն նոր սուզանավ է կառուցում երկրի արևելյան ափին գտնվող Սիպնոյի նավաշինարանում, և այն հագեցած է բալիստիկ հրթիռներով:
- Քանի դեռ ԱԳՆ-ն և միավորման նախարարությունը առաջ են մղում միջուկազերծման բանակցությունները` նպատակ ունենալով փակել հյուսիսկորեական միջուկային ծրագրերը, պաշտպանության նախարությունը պետք է ուժեղացնի ռազմական պատրաստվածությունը, որպեսզի դա օգտագործի որպես Փհենյանի վրա ճնշում գործադրելու միջոց,- ընդգծել է պատգամավորը:
Ավելի վաղ էլ Ջոնս Հոփկինսի համալսրանին կից ամերիկյան հետախուզական խումբն էր հաղորդել, թե ԿԺԴՀ-ն աշխուժորեն շարունակում է ենթակառուցվածքների շինարարական աշխատանքներ իրականացնել Փհենյանի շրջանի Յոնբյոն ատոմային կենտրոնում: Երևում է` Հյուսիսային Կորեայի հակառակորդները ելենում են «հավատա, բայց ստուգիր» հայտնի սկզբունքից, ուստի ամեն ինչ անում են Փհենյանի «երկաթե վարագույրից» ներս նայելու համար: