Տիբեթյան իմաստության բարձունքներ հասած Դալայ Լաման, երևում է, դեղատոմս չունի մարդկանց այն խմբերի համար, որոնք ջանադիր աշխատանքից խուսափում են և ձգտում ամեն ինչ պատրաստի ստանալ: Նմանները, ինչպես օրինակ մեր հարևան ադրբեջանցիները, այլատյացությունից երբեք չեն կարող հրաժարվել: Նրանց ո՛չ գրքերը կօգնեն, ո՛չ էլ կրոնն ու հավատը: Ու որքան էլ հայերս հայտնի ենք մեր աշխատասիրությամբ և ստեղծագործ մտքով, չենք կարող հույսեր փայփայել, թե մեր այս թշնամին մի օր մեր լավագույն բարեկամը կդառնա: Այս դեպքի համար հայը մի ասացվածք ունի՝ թուրքի հետ ընկերացիր, բայց մահակը միշտ ձեռքումդ պահիր: Այսօր մահակ ասելով պետք է հասկանալ ամենաարդիական զինանոցը:
Մեր աշխարհն այսօր առաջ մղող գլխավոր ուժը կարծես այլատյացությունն է: Այս է հուշում հենց միայն իսլամիստ ահաբեկիչների վարքագիծը: Բայց ինչքան դեպի լավը կփոխվեր մարդկությունը, եթե եսակենտրոնության փոխարեն նրան ղեկավարեր այլասիրությունը: Ու մարդիկ կարողանային համբերատար կերպով իրենց մեջ դաստիարակել ուրիշին սիրելու, գնահատելու, նրանով հիանալու կարողությունը: Տիբեթյան բուդդայականների հոգևոր առաջնորդը համոզված է՝ այդ կերպ հնարավոր է թշնամիներին վերածել իսկական բարեկամների:
Ռիգայում, ինչպես հաղորդում է «ՌԻԱ-նովոստին», Դալայ Լամա XIV-ը Ռուսաստանի և բալթյան երկրների բուդդայականների համար դասընթաց է վարել և խորհուրդ տվել, թե մարդն ինչպես կարող է թշնամուն դարձնել իր լավագույն բարեկամը:
- Բոլորը պետք է իրենց մեջ այլասիրություն ու համբերատարություն զարգացնեն: Դրա շնորհիվ ձեր թշնամին դառնում է ձեր լավագույն բարեկամը, հոգևո՛ր բարեկամը, ուսուցիչը, որը ձեզ օգնում է, որ վաժվեք համբերատար լինել,- հայտարարել է Դալայ Լաման:
Նա բուդդայականության հետևորդներին և իր ուսմունքով բոլոր հետաքրքրվողներին կոչ է արել իրենց մեջ ծնունդ տալ «բոդհիչիատտային»: Սա ձգտումն է մի գիտակցության, որը մարդու մեջ արթնանում է, որպեսզի նրան տրամադրի հանուն բոլոր կենդանի էակների բարօրության: Իսկ դա, Դալայ Լամայի խոսքով, հնարավոր չէ առանց համբերատարություն դաստիարակելու:
Որպես այս նպատակներին հասնելու լավագույն գրավոր աղբյուր, նա նշել է աշխարհաճանաչ հոգևոր առաջնորդի՝ բուդդայական մտածող Շանտիդևայի աշխատությունը՝ «Բոդհիսատվայի ուղին» վերնագրով: Դալայ Լաման հատուկ ուշադրություն է հրավիրում գրքի վեցերորդ գլխին, որը հենց համբերությանն է նվիրված: Բուդդայական հոգևոր առաջնորդը կարծում է, որ այլասիրություն զարգացնելու համար այդ գիրքը օգտակար կլինի նաև մյուս կրոնների հետևորդների համար.
- Քրիստոնեության, իսլամի, հինդուիզմի հետևորդները նույնպես կարող են այդ գլուխները կարդալ, քանի որ համբերատարության զարգացումն ու եսակենտրոնության հաղթահարումը, սեր ու կարեկցանք սերմանելը ընդհանուր է բոլոր կրոնների ավանդույթներում: Հոգևոր վերափոխումն ինքն իրեն չի գալիս, այն միշտ էլ ջանադիր աշխատանքի պտուղ է: