Աշխարհի ամենամեծ մարտահրավերը՝ ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի

Թեման Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը շոշափել է երեկ՝ հունիսի 18-ին, Հելսինկիում:  Ելույթ ունենալով Ֆինլանդիայի նախագահի ամառային կեցավայրում կայացած բանավիճային ակումբի շրջանակներում՝ նա միջազգային հանրության համար ամենամեծ մարտահրավեր է համարել Մերձավոր Արևելքի իրավիճակը:
 
- Հիմնախնդիրները համընդհանուր են, և դրանք պետք է լուծվեն նույն մակարդակում: Վստահության բացակայությունը մեծ խնդիր է դարձել: Մարտահրավերներ շատ կան, իսկ նրանցից ամենամեծը Մերձավոր Արևելքն է: Այնտեղ կան ընդհանուր կանոններին չհետևող շատ երկրներ՝ Իսրայելը, Իրանը և ուրիշներ: Իսկ բախումները կանխելու մեխանիզմներ չկան,- Գուտերեշի խոսքերն են փոխանցել ֆիննական ԶԼՄ-ները, որոնք ամբողջ միջոցառումը հեռարձակել են համացանցում: 
 
Գուտերեշը նաև տագնապ է հայտնել հնարավոր քիբերպատերազմների վերաբերյալ: Գլխավոր քարտուղարն ասել է, թե ինքը նման պատերազմի մի քանի որոշակի օրինակներ գիտի, սակայն իր ելույթում դրանք չի նշել: 
 
- Ես կասկած չունեմ, որ եթե ապագայում երկու երկրների միջև պատերազմ ծագի՝ տեղի կունենան զանգվածային քիբերգրոհներ: Եվ դա վերաբերում է ոչ միայն պաշտպանական միջոցներին, այլև հասարակության կարևոր ենթակառուցվածքներին: Իսկ աշխարհը դրան պատրաստ չէ,- զգուշացրել է Գուտերեշը: 
 
Այսպիսով, թեև այսօրվա գլխավոր մարտահրավեր են համարվել Մերձավոր Արևելքի բազմաշերտ ու բազմակողմանի հակամարտությունները, Գուտերեշի խոսքերից դատելով՝ մեծագույն վտանգը մարդկությանն սպառնում են քիբերպատերազմները: Եթե նկատի ունենանք, թե ինչ արագությամբ են նման միջոցները զարգանում և անարգել հայտնվում արկածախնդիր պետությունների ու ավազակախմբերի ձեռքին՝ ապա լավատեսության համար հիմքեր չեն մնում: Եթե իհարկե՝ նույն ՄԱԿ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները վերջապես չգիտակցեն, որ իրենց գործառույթների մեջ պետք է մտնի նաև հենց նույն «բախումները կանխելու մեխանիզմներ» մշակելն ու պարտադրելը, ինչպես նաև մարդկությանը վտանգների մասին զգուշացնելը՝ հնարավոր բոլոր միջոցներով: Եվ այդ բոլորը պետք է լինեն անառարկելի փաստերով հիմնավորված, արդարացի ու գործուն: