Եվրոյի կիրառությունն անշրջելի է

Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավարը համոզված է, որ եվրագոտու արժույթ եվրոյի կիրառությունն անշրջելի է, դրան ոչինչ չի սպառնում: Մարիո Դրագին հունիսի 14-ին Բրյուսելում այդ մասին ասել է լրագրողներին:
 
Հարցին անդրադառնալու առիթ են դարձել Հռոմից հնչած կարծիքները, թե Իտալիան հրաժարվում է եվրոյից: Բան այն է, որ Իտալիայի նոր կառավարությունը՝ վարչապետ Ջուզեպե Կոնտեի գլխավորությամբ, վերջերս ձևավորվել է «եվրոյամերժ» երկու կուսակցություններից՝ «5 աստղի շարժում» և «Լիգա»: 
 
Բայց ընդամենը մի քանի օր առաջ երկրի տնտեսական գերատեսչության ղեկավար Ջովանի Տրիան Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել էր, թե կառավարությունը թույլ չի տա, որ Իտալիան դուրս մնա եվրագոտուց, և նման հնարավորություն չի էլ  դիտարկվում: Մինչ այդ էլ արդեն հայտարարել էին՝ «5 աստղի շարժում» կուսակցությունը եվրագոտուց Իտալիայի դուրս գալն արդեն անհրաժեշտություն չի համարում: Սա թերևս այն դեպքն է, երբ կուսակցությունները շռայլ խոստումներ են տալիս, իսկ կառավարման լծակների մոտ հայտվելով՝ սկսում են ավելի իրատես դառնալ: 
 
Իսկ ԵԿԲ ղեկավարը հայտարարել է, թե Եվրոյի կիրառությունը ԵՄ երկրներում անշրջելի է, քանի որ մարդիկ իրենք են այդպես ուզում:
 
- Եվրոն 340 միլիոն մարդու արժույթն է, այն վայելում է եվրագոտու քաղաքացիների 74%-ի աջակցությունը: Այսօր ավելի շատ երկրներ են ցանկանում եվրոյի անցնել: Այն անշրջելի է, քանի որ ուժեղ է: Մարդիկ ցնկանում են դրա հետ գործ ունենալ: Ոչ մեկի համար ձեռնտու չէ քննարկել դրա գոյության հարցերը,- ասել է նա: 
 
Հիշեցնենք, որ վերջերս Իրանում էին որոշել հրաժարվել դոլար արտարժույթից և անցնել եվրոյի: Ըստ էության՝ որոշ կարևոր ապրանքների ներմուծման վրա ԱՄՆ-ի սահմանած բարձր մաքսատուրքերի թիրախը նաև եվրոն հնարավորինս թուլացնելն է:
 
Նույն մամուլի ասուլիսում էլ Դրագոն նշել է, որ նավթի գնի բարձրացումը կարող է արագացնել եվրոյի արժեզրկումը: Միացյալ Նահանգների համար կատարյալ աշխարհը միաբևեռն է, ու, հավանաբար, իր արժույթին հակակշռող բևեռ նույնպես չի ցանկանում տեսնել: Բայց եթե գերտերությունների ղեկավարները մի քիչ աստղագիտություն իմանային, երևի կհասկանային, որ տիեզերքում միաբևեռ մարմինները տեղ չունեն: