Փհենյանն ինչպե՞ս կվստահի Վաշինգտոնին, որը դուրս է եկել Թեհրանի հետ միջուկային համաձայնագրից
Սինգապուրում սկսել են նախապատրաստվել Հյուսիսային Կորեայի ու Միացյալ Նահանգների նախագահների հանդիպմանը, որպեսզի քննարկեն Կորեական թերակղզու ապամիջուկացման խնդիրը: ՈՒ հենց այս օրերին Օտտավայում Իրանի միջուկային համաձայնագրի խնդիրն է արծարծել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Մակրոնը:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ համատեղ ասուլիսում նա ասել է, թե ԱՄՆ-ը չպետք է մյուս երկրներին խանգարի` պահպանելու Իրանի հետ միջուկային համաձայնագիրը, ոչ էլ պետք է Իրանին մղի, որ դուրս գա այդ համաձայնագրից:
- Միացյալ Նահանգները չպետք է ուրիշներին խանգարի պահպանել պայմանավորվածությունները: Նա նաև չպետք է Իրանին մղի` դուրս գալ համաձայնագրից: Գործողությունները, որոնք մենք պետք է ձեռնարկենք, պիտիուղղված լինեն նրան, որպեսզի խուսափենք լարվածության ցանկացած սրումից,- ընդգծել է նա:
Մակրոնը նշել է, որ ընդամենը մի քանի օր անց՝ G7-ի գագաթնաժողովից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սինգապուր է ժամանելու, որպեսզի հանդիպի Հյուսիսային Կորեայի նախագահի հետ:
- Եվ Կորեական թերակղզու ու համաշխարհային ապամիջուկացման համար այդ կարևոր ձեռնարկման մեջ բոլորս նրան աջակցում ենք: Սակայն ի՞նչ վստահություն կարող են ներշնչել Կորեական թերակղզու միջուկային խնդիրների վերաբերյալ բանակցությունները, եթե խախտվում են եռամյա վաղեմության պայմանավորվածությունները Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ,- տարակուսանք է հայտնել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կողմ երկրի նախագահը:
Այսպիսով` Մակրոնը կարևորել է հատկապես միջազգային հանրության նկատմամբ վստահության հարցը: Նրա կարծիքով` միայն իրանական միջուկային համաձայնագրի նկատմամբ վստահությունը կարող է դառնալ Հյուսիսային Կորեայի Միջուկային ծրագրի բարեհաջող հանգուցալուծման գրավականը: Ըստ Մակրոնի` այսօր լավագույն պաշտպանությունը Թեհրանի հետ միջուկային համաձայնագրի պահպանումն է: Ապա ընդգծել է, որ հարկավոր է աշխատել առավել ընդգրկուն համաձայնագիր ունենալու ուղղությամբ:
Իսկ Վաշինգտոնը, թվում է, տարված է պատժամիջոցներով իր կամքը թելադրելու գործելակերպով: Իրանի հետ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրից մայիսին դուրս գալով` Վաշինգտոնը խոստացավ ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել նախկին բոլոր պատժամիջոցները, այլև սահմանափակող նոր միջոցներ կիրառել: Այնուհետև ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարեց, թե Վաշինգտոնը մտադիր է աննախադեպ ճնշումներ գործադրել Թեհրանի վրա` եթե Իրանն իր քաղաքական գիծը չփոխի:
Տարածաշրջանում շատ ավելի հրահրող քաղաքականություն է վարում Թուրքիան, սակայն սրա նկատմամբ Միացյալ Նահանգները միշտ զիջող են: Չավուշօղլուի սպառնացած հաղթաթղթե՞րը դեր խաղացին, թե՞ մեկ այլ հանգամանք, սակայն Վաշինգտոնը տեղի տվեց Անկարայի պահանջին` քրդերին դուրս բերել սիրիական Մանբիջից: Իսկ Իրանի նկատմամբ ոչ մի զիջում չի ուզում անել: Գուցե այստեղ դեր է խաղում հոգեհարազատությունը: Չէ՞ որ Թուրքիան պետություն է դարձել իր այսօրվա տարածքների բնիկներին արտաքսելով կամ ոչնչացնելով, մինչդեռ պարսիկներն իրենք են հազարամյակներ շարունակ բնակեցրել, մշակել, քաղաքակրթությամբ հարստացրել Իրանը:
Իսկ թե Դոնալդ Թրամփ-Կիմ Չեն Ըն բանակցությունների մեջ Իրանի նկատմամբ ԱՄՆ քաղաքականությունն ինչ դեր կունենա` դեռ կտեսնենք: