Պատկերացնո՞ւմ եք` եվրոպացիները հիասթափեցրել են Թուրքիային
Մինչ եվրակառույցներում աներկբա պնդումներ են շրջանառվում, թե Թուրքիան չի կարող առաջիկա 10-15 տարում Եվրամիության անդամ դառնալ, Անկարայում արդեն հստակ նշել են ժամկետը` մինչև 2023թ.: Այս մասին գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում խոսել է այդ երկրի փոխվարչապետ Ռեջեփ Աքդաղը։
Թուրք պաշտոնյան գերմանացի ընթերցողներին հավաստիացրել է, թե Թուրքիան միանշանակ ունի ԵՄ անդամ դառնալու բոլոր արժանիքները, և սոսկ որոշակի քաղաքական պատճառներն են դա խոչընդոտում են:
Գերմանալեզու ընթերցողը նաև տեղեկացել է, որ եվրոպական մի շարք երկրներ Թուրքիային շատ են հիասթափեցրել։
- Թուրքիան վերապրել է հեղաշրջման փորձ, առկա արտակարգ դրության կարգն էլ այդ պատճառով է մտցվել։ Եվրոպացիները մեզ շատ են հիասթափեցրել։ Բազմաթիվ ապստամբներ այսօր ապաստանել են մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում` Գերմանիայում,- բողոքել է Աքդաղը։
Թուրք փոխվարչապետի այս վերջին խոսքերում կարծես մի քիչ էլ խանդ կա: Հայաստանում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները աշխարհը գովեստով ընդունեց, իսկ երկու տարի առաջ Թուրքիայում կատարվածը միայն նրա որոշ քաղաքացիների հիացմունքը շարժեց: Սակայն դրանից հետո շարունակ երկարաձգվող արտակարգ դրությունն ու հազարներով ձերբակալությունները միայն լարում են ներքին իրավիճակը: Ու հիմա, արտակարգ դրության պայմաններում արտահերթ ընտրությունների գնացող Թուրքիայի իշխանությունները երազում են, որ Եվրամիությունն իրենց ընդունի այնպիսին, ինչպիսին կան: Նրանք համոզված են, որ իրենք ավելի լավն են, քան բոլոր եվրոպացիները միասին վերցրած: Չէ՞ որ միայն իրենք կարող են ասել` երանի ինձ, որ թուրք եմ:
Այս պահին, կարելի է ասել, Թուրքիան երկու ճակատով է «կռվում»: Տարածաշրջանային ճակատում նա փորձում է իշխել բոլոր մահմեդականներին և սուննիական աշխարհի առաջնորդը դառնալ, իսկ աշխարհամասերի ճակատում ձգտում է հավասարվել եվրոպացիներին` Եվրոպա աշխարհամասում ունենալով իր տարածքի չնչին մասը միայն: Իհարկե, դժվար թե առաջիկա հինգ տարում Թուրքիան ԵՄ անդամ դառնա, և պատճառներից մեկն էլ այն է, որ եվրոպական կառույցն առայժմ ընդլայնվելու մտադրություն կարծես թե չունի: Բայց որ աշխարհը թուրքական ինքնագոհության ու սեփական կամքը պարտադրելու դեռևս անթիվ ցույցերի ականատես կլինի` ոչ մի կասկած: