Սերիալ՝ լոկ բջջային հեռախոսի համար

ԿԱՆՆՈՒՄ ԵԶԱԿԻ ՆԱԽԱԳԻԾ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ

Նորագույն լուծում է գտնվել կինոարվեստի համեմատաբար նոր ժանր սերիալների համար: Մայիսի 8-19-ը Կաննում ընթացող ավանդական կինոփառատոնին ներկայացվել է աշխարհում առաջին սերիալը՝ նախատեսված բացառապես բջջային հեռախոսի համար: «ՌԻԱ նովոստիին» դրա մասին մանրամասներ են հայտնել ֆիլմի գաղափարի հեղինակներն ու համակարգողը:
 
Բջջային հեռախոսների համար ուսուցողական սերիալը կոչվում է «1968. Digital»:
 
Այն նկարահանված է «screen life» նոր ձևաչափով և ներկայացվել է Կաննի ռուսական տաղավարում: (Screen life բառակապակցությունը գուցե կարելի է թարգմանել կյանքի նկարահանում, բայց screen բառը շատ բազմիմաստ է և ունի նաև վարագույր, էկրան նշանակությունները):
 
Ուսուցողական ֆիլմի գաղափարի հեղինակներից մեկը մեր հայրենակից Կարեն Շահինյանն է: Նրա մասին համացանցում տարածված տեղեկությունները հաստատում են, որ Ռուսաստանում ստացել է բժշկական կրթություն, իսկ Օքսֆորդում՝ լրագրողական, և այժմ զբաղվում է լրագրությամբ՝ չանտեսելով նաև կենսաքիմիկոսի իր մասնագիտությունը: Կաննից Կարենը լրատվամիջոցին ասել է.
 
- «1968. Digital» նախագիծը կինեմատոգրաֆի և հեռուստատեսության պատմության մեջ առաջին ուղղահայաց սերիալն է՝ ստեղծված բջջային հեռախոսների համար: Ամերիկայում այն տարածվելու է Buzzfeed-ի միջոցով, Ֆրանսիայում՝ Liberacion-ով, իսկ Ռուսաստանում՝ «Ամեդիատեկ»-ով «Վկոնտակտե»-ով: 
 
Համակարգող Թիմուր Բեկմամբետովն իր հերթին պարզաբանել է, որ սերիալն արվել է «screen life» նոր ձևաչափով, երբ ֆիլմի բոլոր գործողությունները փոխադրվում են հերոսների բջջային հեռախոսների էկրանին: Այսպիսով՝ սերիալի 40 դրվագներում հանդիսատեսը քաղաքական գործիչների կյանքին հետևելու է ասես նրանց բջջային հեռախոսների միջոցով, թեև 1968-ին՝ Ֆրանսուա Տրյուֆոյի, Մոհամմեդ Ալիի, Էնդի Ուորհոլի և Վլադիմիր Վիսոցկու ժամանակներում դրանք չեն եղել:
 
Գաղափարի մյուս հեղինակ Միխայիլ Զիգարն էլ նշել է, որ 1968թ.-ն 20-րդ դարում առանձնացել է մի շարք ուշագրավ իրադարձություններով: Այդ ժամանակ են տեղի ունեցել աֆրոամերիկացիների բողոքի գործողությունները ԱՄՆ-ում, Պրահայի գարունը Չեխոսլովակիայում, սեքս-հեղափոխությունը, ի վերջո՝ մտահղացվել է համացանցը: 
 
- Մենք ցանկանում ենք նոր ձևաչափով ցուցադրել կյանքն այն մարդկանց, ովքեր ապրել են այն ժամանակ,- ասել է Զիգարը:
 
Այսպես կոչված օճառային հույզերով հագեցած, ձգձգված ու արվեստից բավական հեռու երկարաշունչ սերիալների ժանրում նման թարմություն մտցնելը, թերևս ամենալավ բանն է, որ կարելի է մեր օրերում անել: Եթե, իհարկե՝ ամեն ինչ արվի արվեստով, հավաստի ու մարդասիրության տեսանկյունից: Այդ դեպքում գուցե հայկական ՀԸ էկրաններին ճղճղոց, բռնություն ու ոչ հայկական բարքեր ցուցադրող սերիալների փոխարեն մեր հասարակության սերիալասեր հատվածը տարվի ուսուցողական նման ֆիլմաշարերով ու նաև զարգանա, ճաշակ ձեռք բերի:
 
Դարի ամենաազդեցիկ զենքը տեղեկատվությունն է, սա ոչ մի պարագայում չպետք է մոռանալ: