Չին և ֆրանսիացի պաշտոնյաները բողոքել են «աշխարհի առաջին տերությունից»
Երկսայրի սուր է պետությունների տարածքային ամբողջականության միջազգային դրույթը և կարող է խոցել թե՛ աջ, թե՛ ձախ: Նայած թե դրա որ կողմում է քո բարեկամը, որ կողմում` հակառակորդը:
Իր հզորացող տնտեսությամբ ու աշխարհաքաղաքական դերակատարմամբ, Չինաստանը հաստատ Արևմուտքի բարեկամը չէ, և ուրեմն նրա տարածքային ամբողջականությունն այնքան կարևոր չէ, որքան որոշ երկրներինը: Չմոռանանք, որ աշխարհում դեռևս շատ քարտեզներ են հրատարակվում, որտեղ Արցախը ներառվում է Ադրբեջանի կազմում: Ստացվում է, որ խորհրդային պատեհապաշտների գծած սահմաններն ավելի կարևոր են, քան արդարությունն ու ճշմարտությունը:
Թե ինչպես է գծվել Չինաստանի այսօրվա սահմանը` կարելի է իմանալ «Գուգլում» մի թռուցիկ որոնում կազմակերպելով: Բայց փաստն այն է, որ նրա կազմում ներառված են նաև Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը: Այս մասին Միացյալ Նահանգներին ստիպված է եղել հիշեցնել Չինաստանի արտգործնախարությունը: ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գեն Շուանի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների իշխանությունները խստորեն քննադատել են արտասահմանյան ավիաընկերություններին ուղղված Չինաստանի պահանջը` իրենց ուղերթների մասին տեղեկատվության մեջ նշել այդ տարածքների չինական պատկանելությունը:
- Ամերիկյան կողմի ոչ մի հայտարարություն չի կարող փոխել այն փաստը, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան: Հոնկոնգը, Մակաոն և Թայվանը Չինաստանի անբաժանելի մասն են,- շետել է Շուանը` Չինաստանում աշխատող ընկերություններին կոչ անելով հարգել տեղական կանոններն ու օրենքներ:
ԱՄն իշխանությունների և հասարակության զայրույթն ու բողոքը շարժել է Foreign Policy պարբերականի հաղորդումն այն մասին, որ ամերիկյան ավիաընկերությունները Չինաստանի քաղաքացիական ավիացիայի վարչությունից նամակ են ստացել, որտեղ նրանց պատվիրվում է Թայվանի, Հոնկոնգի և Մակաոյի վերաբերյալ բոլոր հիշատակումներն անել անջատողականության դեմ պայքարի վերաբերյալ ՉԺՀ օրենսդրությանը համապատասխան:
Ուշագրավն այն է, որ հանգստյան օրերին սա ԱՄՆ-ի դեմ միակ միջազգային բողոքը չէ: Մայիսի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփին ներողություն խնդրելու պահանջ է ներկայացրել մեկ այլ պաշտոնյա Ֆրանսիայից: 2015թ. Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության վերաբերյալ արտահայտվելով` ԱՄՆ նախագահը կարծիք է հայտնել, որ եթե Ֆրանսիայում զենք ձեռք բերելն այդքան դժվար չլիներ, և քաղաքացիները նույնպես կարողանային զինվել, այն ժամանակ ահաբեկիչներն այդպես անարգել չէին գործի: Չմոռանանք, որ այս օրերին Միացյալ Նահանգներում շատերն են պահանջում սահմանափակել զենքի վաճառքը:
- Ես այդ հայտարարությունները ահավոր եմ համարում և կարծում եմ, որ դրանք չեն սազում աշխարհի առաջին տերության նախագահին. մի պետություն, որը Ֆրանսիայի դաշնակիցն ու բարեկամն է: Իմ ցանկությունն է, որ Միացյալ Նահանգների նախագահն իր խոսքերը հետ վերցնի և ափսոսանք հայտնի,- Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրյունո Լե Մերի խոսքերն է հեռարձակել BFM TV-ն: