ԱՄՆ-ն այլևս չի՞ ուզում «համաշխարհային ոստիկան» լինել

Սովորաբար «ոստիկանը» կամ օրինապահ, ազնիվ, մարդկային է լինում, կամ վեր է ածվում դահճի:
 
Հին աշխարհում, ըստ որոշ տվյալների, նման դեր խաղացել է հայոց պետությունը, և այդ նրան հաջողվել է: Խորենացու «Հայոց պատմության» մեջ դա երևում է հատկապես Արամ թագավորի կերպարում, երբ նա նվաճողական ձգտումների համար պատժում է Նյուքար Մադեսին, Պայապիս Քաաղյային, Բարշամին, Նինոսին:
 
Հիմա, սակայն, ժամանակները այլ են, ընկալումները՝ տարբեր:
 
Արդ՝ համաշխարհային ոստիկանի դերը Միացյալ Նահանգներին այլևս չի գրավում: Այժմ ամենակարևորը սեփական տանը կարգ հաստատելն է: Այդ մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նիգերիայի նախագահ Մոհամմադ Բուխարիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
 
- Մենք հետզհետե ավելի քիչ ենք ցանկանում համաշխարհային ոստիկան լինել: Տասնամյակներով հսկայական գումարներ ենք ծախսել, որպեսզի աշխարհում կարգ պահպանենք, սակայն դա չպետք է մեզ համար առաջին տեղում լինի: Մեր ցանկությունն է կարգի բերել մեր երկիրը, և մենք մտադիր ենք այն վերականգնել,- Թրամփի խոսքերն են տարածել լրատվամիջոցները: 
 
Ամերիկյան առաջնորդի այս հայտարարությունը կարծես թե համահունչ չէ ԱՄՆ ռազմական ծախսերի համար նախատեսված գումարի համապատկերին, թեև այդ ծախերի ավելացման առումով նրան չեն զիջում այլ երկրներ ևս: «ՌԻԱ-նովոստին» հիշեցնում է, որ Թրամփն ստորագրել է 1,3 տրիլիոն դոլարանոց բյուջեն, որտեղ պաշտպանության ծախսերի համար նախատեսվող գումարը նախկինի համեմատ 80 միլիարդով ավելի է և կազմում է 700 մլրդ դոլար: Վերջին 15 տարում սա ԱՄՆ ռազմական ծախսերի բարձրակետն է:
 
Ռուսական լրատվամիջոցը հատկապես ընդգծում է, որ ԱՄՆ ռազմական բյուջեում հատուկ ծախսեր են նախատեսված «պայքար Ռուսաստանի ազդեցության դեմ» ձևակերպումով՝ 250 մլն դոլարի չափով, ինչպես նաև առանձին 200 մլն դոլար նախատեսված է Ուկրաինային ռազմական օգնություն ցույց տալու համար: Բայց առժամանակ առաջ ի՞նչ «մեսիջ» էր հղում աշխարհին Ռուսաստանը՝ իր զինատեսակների ցուցադրությամբ: Կամ, մեր տարածաշրջանում նրա ինքնահաստատումը մի՞թե նույն զենքի ուժով չէ, որով էլ հիմա կարծես փորձում է «աշխարհի ոստիկան» «ձեռնադրվել»:
 
Անվիճելի է, որ այսօրվա աշխարհին իրոք հարկավոր է մի «համաշխարհային ոստիկան», որը չափն անցած պետություններին կկարողանա կարգի հրավիրել: Այդ դերն ակամա ստանձնել է Միացյալ Նահանգները: Սակայն դատելով Թրամփի խոսքերից՝ նա սեփական տունն է հսկողությունից դուրս թողել: Ժամանակ առ ժամանակ ԱՄՆ-ը ցնցող ահաբեկչության ակտերը  դա են վկայում: