Սիրիական հակամարտությունը պատերազմական լուծում չունի
ՄԻՆՉԴԵՌ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է

Եվրամիության ու ՄԱԿ-ի հովանու ներքո Բրյուսելում արդեն երկրորդ անգամ անց է կացվում Սիրիայի հարցով միջազգային դոնորական համաժողովը, որին այս տարի մասնակցում են 85 երկրերի ու կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ըստ որոշ գնահատականների` երկօրյա հանդիպման ընթացքում հնարավոր է եղել հավաքել ընդամենը 4,4 մլրդ դոլար, թեև կազմակերպիչները հույս են ունեցել, որ այդ գումարը գոնե 6 միլիարդի կհասնի: Բացի այդ, միջազգային կառույցները չեն կարողացել քաղաքական բեկում մտցնել սիրիական հակամարտության կարգավորման հարցում:
Համաժողովի մասնակիցները խոսել են հակամարտության լուծման ուղիների մասին և հաստատել, որ այն պատերազմական լուծում չունի: Մինչդեռ 7 տարի շարունավող պատերազմի ավարտը դեռևս չի էլ նշմարվում: Հիշենք, որ արցախյան հակամարտության մասին նույնպես անընդհատ ասում են, թե պատերազմական լուծում չունի, սակայն բազմաթիվ երկրներ հարձակողական զենք են վաճառում Ադրբեջանին:
ԵՄ արտասահմանյան գործերի և անվտանգության քաղաքականության գծով բարձրագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին նշել է.
- Որոշ հարցերում մենք որոշակիացրել ենք մեր ընդհանուր դիրքորոշումները. օրինակ` որ պատերազմական լուծում չկա, անհրաժեշտ է վերսկսել քաղաքական բանակցությունները:
Դրանով հանդերձ` ԵՄ դիվանագիտության ղեկավարը ընդգծել է, որ Սիրիայի վերաբերյալ երկրների միջև առկա տարաձայնությունները չեն վերացել:
- Տարաձայնությունները, բնականաբար, մի քանի ժամում չեն վերացել: Հուսով եմ, որ հաջորդ տարվա համաժողովը նվիրված կլինի Սիրիայի վերականգնմանը:
Համաժողովի աշխատանքը գնահատելով` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` Սիրիայի հարցով հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան էլ հայտարարել է, թե միջազգային դոնորական համաժողովում քաղաքական բեկում չի եղել, ինչպես որ չի եղել նաև բախում:
- Մենք այսօր քաղաքական բեկում չէինք էլ ակնկալում, սակայն բախում նույնպես չեղավ,- նշել է նա:
Մնում է հուսալ, որ երրորդ համաժողովում, որը Մոգերինիի ասածի նման գուցե նվիրված լինի Սիրիայի վերականգնմանը, այդ բեկումն էլ կլինի: Միայն թե տարօրինակն այն է, որ համաժողովին, ինչպես ռուսական ՏԱՍՍ-ն է շեշտել, Դամասկոսից ոչ մի ներկայացուցիչ չի եղել:
Երևում է` պատերազմը դադարեցնելու նպատակով քաղաքական բանակցությունները վերսկսելու համար նույնպես Սիրիայի պաշտոնական դիրքրոշումը կարևոր չի համարվելու: ՈՒրեմն ի՞նչ երաշխիք կա, սիրիական հակամարտությունը լուծում կգտնի: