Արևելյան Ղուտայի շատ բնակիչներ տուն են վերադառնում
ԵՐԲ ՍԻՐՈՒՄ ԵՆ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Աշխարհը լի է տունուտեղից զրկված փախստականներով, նրանցից քչերին է հաջողվում տուն վերադառնալ կամ հարմարավետ պայմաններ ձեռք բերել նոր վայրերում: Բայց ահա պատերազմող Սիրիայի Արևելյան Ղուտայի բնակիչներից 62,5 հազարն արդեն տուն են վերադարձել:
Այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման գծով ռուսական կենտրոնի պետ, գեներալ-մայոր Յուրի Եվտուշենկոն:
- Հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի և Սիրիայի Արաբական Հանրապետւթյան կառավարության ջանքերի շնորհիվ փախստականների ու ժամանակավորապես տեղավորված անձանց ճամբարներից տուն է վերադարձել Արևելյան Ղուտայի 62 516 բնակիչ,- Եվտուշենկոյի խոսքերն է փոխանցել «ՌԻԱ նովոստին»:
Ղուտայի բնակիչները տուն են վերադարձել, չնայած խաղաղությունը դեռևս լիովին վերահաստատված չէ: Ճիշտ է՝ Եվտուշենկոն նշել է, թե այս պահին այնտեղ իրավիճակը կայուն է, և խաղաղ կյանքը վերականգնվում է, սակայն ավելի վաղ տեղեկություններ էին տարածվում, թե Ազգային գվարդիայի կառավարական ջոկատների և գրոհայինների միջև բախումներ են տեղի ունենում:
Քիչ հավանական է, որ այդ մարդիկ տեղեկություններ չունենան Սիրիայի նկատմամբ մեծ տերությունների հավակնությունների մասին կամ նրանց ականջին հասած չլինի, որ մարտական գործողությունները դեռևս շարունակվում են: Կամ՝ չիմանան, որ աշխարհի երեք գերտերություն հենց վերջերս Սիրիայի վրա 100-ից ավելի հրթիռ է արձակել: Բայց մարդիկ հետ են գալիս՝ տեր կանգնելու իրենց տանն ու հայրենիքին:
Իհարկե, ամենայն հավանականությամբ շատերի տներն արդեն կանգուն չեն լինի, իսկ որ թալանված կլինեն, ոչ մի կասկած: Բայց գուցե հենց նման մարդկանց շնորհիվ է, որ արդեն 7 տարի պատերազմող երկիրն այդպես համառորեն դիմադրում է: