Իրանը հրաժարվում է դոլարից և հաստատում Արաքսի վրա ՀԷԿ-եր կառուցելու օրինագիծը
Իրանի կառավարությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ այսուհետև հրաժարվում է միջազգային հաշվարկներն անել դոլարով: Թեհրանը որոշել է արտասահմանյան գործարքների և պետական հիմնարկների պաշտոնական հաշվարկներն այսուհետև կատարել եվրոյով:
- Բոլոր նախարարությունները, պետական կազմակերպություններն ու ֆիրմաները պարտավոր են իրենց հաշվետվություններում, ինչպես նաև վիճակագրություն, տեղեկատվություն ու ֆինանսական տվյալներ հրապարակելիս որպես հիմնական արտարժույթ օգտագործել եվրոն,- նշված է հաղորդագրության մեջ:
Կառավարության ապրիլի 18-ի նիստում ընդունված այս որոշումը Թեհրանի պատասխանն է ԻԻՀ-ի դեմ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների ձեռնարկած միջոցների: Իրանցի պաշտոնյաները դրանք որակել են որպես տնտեսական դավադրություն և փորձում են հակաքայլեր անել: Բնականաբար` ԱՄՆ-ի դաշնակիցները հենց Եվրոպայի հզոր պետություններն են, որտեղ եվրոն հիմնական արտարժույթն է: Կարելի է ասել, որ այս դեպքում Իրանն ընտրել է «երկու չարյաց փոքրագույնը»: Չէ՞ որ ԱՄՆ-ը փորձում է աշխարհին տիրել նաև իր արտարժույթի տարածմամբ, ու քանի դեռ տվյալ երկրում դոլարը հարգված է, ուրեմն այնտեղ մեծ է նաև ԱՄՆ-ի կշիռը:
Ուշագրավ է, որ նույն օրը Իրանի Մեջլիսն էլ հայերիս համար կարևոր օրինագիծ է հաստատել: Ձայների 162 կողմ, 5 դեմ և 5 ձեռնպահ հարաբերակցությամբ հավանություն է տրվել «Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ» օրինագծին: Դրանից առաջ ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացրել էր, որ ապրիլի 17-ին Իրանի Մեջլիսի բաց նիստում որոշվել է հրատապ քննարկումներ սկսել` Հայաստանի հետ համագործակցությամբ Արաքս գետի վրա ՀԷԿ-երի կառուցման նախագծի վերաբերյալ:
Ինչպես ցույց է տալիս քվեարկության ձայների հարաբերակցությունը` քննարկումն արդյունավետ է եղել: Մնում է, որ միջազգային ճնշման ներքո գտնվող Իրանը և ներքին ու արտաքին ծանր մարտահրավերների առջև կանգնած Հայաստանը կարողնանան այն իրականացնել:
Հազարամյակներով իրար հարևանությամբ ապրող մեր երկու հնագույն երկրների համար էլ տնտեսական զարգացումը օրախնդիր է, իսկ դրա հաջողությունը` օրեցօր անկայունացող աշխարհում գոյատևելու ու զարգանալու գրավական: