Ալբանիան ու Մակեդոնիան գուցե շուտով ԵՄ անդամ դառնան

Մի քանի ամիս անց Եվրամիությունը կզրկվի իր հզոր անդամներից մեկից՝ Մեծ Բրիտանիայից, սակայն մի շարք երկրներ սպասում են իրենց հերթին, որպեսզի համալրեն տարածաշրջանում երանելի համարվող այդ միության կազմը: Պաշտոնապես ԵՄ անդամության թեկնածուներ են Ալբանիան, Մակեդոնիան, Սերբիան, Չեռնոգորիան և Թուրքիան: Ապրիլի 17-ին Եվրահանձնաժողովն առաջարկել է նրանցից երկուսի հետ արդեն իսկ բանակցություններ սկսել: Խոսքը Ալբանիայի և Հարավսլավիայից անջատված Մակեդոնիայի մասին է:
 
- Եվրահանձնաժողովն առաջարկում է, որ ԵՄ խորհուրդը որոշում ընդունի՝ սկսելու բանակցությունները Ալբանիայի և Նախկին Հարավսլավիայի Մակեդանիա հանրապետության հետ,- արտասահմանյան գործերի և անվտանգության քաղաքականության գծով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի խոսքերն է փոխանցել «Ֆրանս-պրես» գործակալությունը:
 
Թերևս հեռու չէ նաև այն ժամանակը, երբ ԵՄ դռները կբացվեն Սերբիայի և Չեռնոգորիայի համար: Թուրքիայի պարագայում համարվում է, որ տեսանելի ապագայում դա քիչ հավանական է: Թեև՝ ո՞վ գիտի: Թուրքիան ինքը, որպես այդպիսին, երբևէ չի կարող Եվրոպա դառնալ, այսինքն համապատասխանել այն չափանիշներին, որոնք ԵՄ-ն դնում է անդամ երկրների առջև: Իսկ ահա հետադարձ ընթացքը միանգամայն հնարավոր է: Թուրքիան Եվրոպա չի դառնա, բայց Եվրոպան կարող է հավասարվել Թուրքիայի մակարդակին: Դրա նշաններն արդեն կարծես թե անտեսանելի չեն:
 
Բրյուսելի նպատակն է հետագայում իր թեկնածուների ցուցակում ընդգրկել նաև Կոսովոն: Նրա այդ փափագին խանգարում են ԵՄ 28 երկրներից 5-ը: Այս երկրները այդ ինքնահռչակ միավորը որպես պետություն չեն ճանաչել, ուստի ԵՄ-ն չի կարող պաշտոնապես ընթացք տալ նման ծրագրի: 
Եվրամիությունն այսպիսով նմանվում է հոսող գետի՝ հին անդամները հեռանում են, նորերն են գալիս: Սա, իհարկե, թարմացնող հանգամանք է, քանի որ հոսող գետերը նաև ինքնամաքրվելու հատկությամբ են օժտված:
 
Սակայն, մեկ այլ տեսանկյունից դիտելիս, շեշտադրվում է դրա անկայունությունը: Դե, եթե այս միությունն էլ նախկին ԽՍՀՄ-ի նման ավազների վրա կառուցված հսկայական շենք է, նրա նման էլ կփլուզվի: Կարևորն այն է, որ դրա հետևանքներն աշխարհի համար ավելի տանելի լինեն: