Սիրիայի հրթիռակոծությունը՝ նախազգուշացում Դամասկոսին, Մոսկվային ու Թեհրանին

Նրանք, այո, տեղ հասան, սակայն բնավ էլ Թրամփի թուիթերյան գրառման նման «սիրուն, նոր ու «խելացի»» չէին:
 
Ամերիկացիների համար օրը դեռևս ուրբաթ էր ու ամսաթիվն էլ 13, երբ Սիրիայի երկնքում գիշերը լուսավորվել էր ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի թևավոր հրթիռներով: Ըստ տեղեկությունների՝ դաշնակիցների արձակած 103 հրթիռից 71-ը Սիրիայի հակաօդային ուժերը կարողացել են չեզոքացնել: Թրամփն ինքնագոհ հայտարարել է՝ առաքելությունը կատարված է:
 
Սպիտակ տունը այս գործողությունը մեկնաբանել է որպես նշան՝ հասցեագրված Դամասկոսին, Ռուսաստանին ու  Իրանին: Այստեղ անհնար է չհիշել Թուրքիայի արձագանքը տեղի ունեցածին: Անտեսելով Ռուսաստանի հետ բարեկամության ցույցերն ու ՌԴ-ի և Իրանի նախագահների հետ վերջին վեհաժողովը Անկարայում՝ Թուրքիայի իշխանություններն շտապել են իրենց հրճվանքը հայտնել կատարվածի առիթով: Ի դեպ՝ ինչպես նաև Արևմուտքին հաճոյանալ ձգտող տարբեր մեծուփոքր պետություններ: 
 
Հրթիռակոծությունից մեկ օր անց՝ ապրիլի 15-ին, Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը ABC հեռուստատեսության եթերում մեկնաբանել է հրթիռակոծության շարժառիթները: Հիշեցնենք՝ առիթը Սիրիայի Դումա քաղաքի ապրիլի 7-ի միջադեպն էր և ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների համառ պնդումները, թե այնտեղ իշխանությունները քիմիական զենք են կիրառել խաղաղ բնակչության դեմ: Սառա Սանդերսը հայտարարել է, թե  առաքելությունը, որը ԱՄՆ-ի և կոալիցիայի զինված ուժերը իրականացրել են, հնարավորություն է տվել իրենց առջև դրված առաջադրանքը կատարել 100%-ով: 
 
- Հենց դա է նկատի ունեցել նախագահը, երբ հայտարարել է, թե առաքելությունը կատարված է: Դաշնակիցների գործողությունների նպատակն էր ոչնչացնել Սիրիայի քիմիական ենթակառուցվածքների հիմնական կետերը, և հենց դա էլ արվել է: Դրանք նաև վճռական ուղերձներ են Սիրիային, Իրանին ու Ռուսաստանին առ այն, որ եթե նախագահը կարմիր գիծ է նշել, ապա պետք է հասնի դրա պահպանմանը, - պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը: 
 
Ամերիկացիներն ըստ երևույթին չեն ցանկանում ընդունել, որ իրենց արձակած հրթիռների մեծ մասը վնասազերծվել է: Այսպես, ճեպազրույցի ժամանակ ԱՄՆ ԶՈՒ ներկյացուցիչ գեներալ Քենեթ Մաքքենզին, պատասխանելով լրագրողների հարցին՝ ասել է, թե Սիրիայի բանակի պատասխան գործողությունները եղել են ոչ արդյունավետ:
 
Հիշենք, որ Սիրիայի հրթիռակոծությունը տեղի ունեցավ ՔԶԱԿ-ի առաքելությն ժամանումից մի քանի ժամ առաջ: Ու հենց այդ կազմակերպությունը պետք է հաստատեր՝ եղե՞լ է քիմիական հարձակում, թե՞ այն իրոք բեմադրվել է: Իրավական պետություններ կառուցած Արևմուտքի համար, երևում է, անմեղության կանխավարկածը դատարկ խոսք է: Բացի այդ՝ Սիրիայից վաղուց դուրս է բերվել ամբողջ քիմիական զինանոցը, իսկ դրանց նախկին պահեստները ամենախիստ վերահսկողության տակ են: Ուրեմն Ասադին որտեղի՞ց քիմիական զենք, որ կիրառի:
 
Ասադի խշխանությանը վերջ տալու համար, սակայն, Արևմուտքին շատ է անհրաժեշտ՝ նրան հենց քիմիկական զենքի կիրառության մեղադրանքով հեռացնելը: Որոշ վերլուծաբաններ նշում են, թե Դուման ահաբեկիչների վերջին հենակետն էր, որտեղ կար խիտ բնակչություն. դա վերջին հնարավորությունն էր, որ քիմիական գրոհի բեմադրությունը կարող էր արդյունք տալ ու միջազգային հանրության արձագանքը գտնել: Դումայի ազատագրումից հետո նման բան կազմակերպել հնարավոր չէր լինի: 
 
Այս տեսանկյունից եթե նայենք, ապա «առաքելությունն», իրոք, կատարված է: