Կոռուպցիան` գոյության միակ իմաստ
Աշխարհում կաշառակերությունը թերևս նույնքան հին արհեստ է, որքան «աշխարհի ամենահին մասնագիտությունը»: Բայց այ քեզ առեղծված` համաշխարհային ասպարեզ մտած ամենանոր հանրությունը հասցրել է կաշառակերության չհայտարարված մրցույթում բոլորից առաջ անցնել: Այնքան առաջ, որ կյանքն առանց կոռուպցիայի պատկերացնել անգամ չի կարողանում:
Հարևան Ադրբեջանում (որտեղ հանրությունը նոր-նոր սկսել է իրեն որպես ազգ գիտակցել) երևույթի այդօրինակ ընկալումն է հաստատում կոռուպցիայի հակազդման գծով «Թրանսփարանսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպությունը, որը հրապարակել է «Կոռուպցիայի ընկալման վարկանիշի» 2017թ. դասիչը: Ադրբեջանը դասվել է ամենակոռումպացված երկրների շարքին և զբաղեցրել 122-րդ տեղը:
Ինքնուրույն գոյության 30 տարվա ընթացքում այդ երկիրն այնքան կաշառք բաժանեց, այնքան եվրոպական գործիչների վարկաբեկեց ու փչացրեց, այնքան անարդար բանաձևերի ու որոշումների ընդունմանը նպաստեց, որ 300 տարին էլ բավական չի լինի` այդ ախտից մոլորակը մաքրելու համար: Ոչ մի կասկած, որ աշխարհում ով հայանպաստ մի խոսք է ասում, նրանց խորին համոզմամբ` կաշառված է: Սեփական «արշինից» բացի ուրիշ` ի՞նչ չափանիշ կարող են ունենալ:
Կոռուպցիան չարիք է համարվում, և աշխարհը, հատկապես իրեն առաջադեմ հայտարարած Արևմուտքը, դրա դեմ անզիջում պայքար է հռչակել: Ցավոք` այդ պայքարն էլ է վերաճել ուրիշ պետությունների ներքին գործերին միջամտելու մի լծակի, որով հզորները փորձում են կառավարել իրենց շահերի շրջագոտում հայտնված երկրներին:
Մինչդեռ Ադրբեջանի նման միջազգային կոռուպցիայի առաջամարտիկին կարող էին պատժամիջոցների մի կարգին խմբաքանակով պատժել և դրան ցույց տալ քաղաքակիրթ աշխարհում գոյատևելու ազնիվ ճանապարհը: Ազնվությունը, ցավոք, քաղաքական կատեգորիա չէ: Իսկ այ` պատժամիջոցները քաղաքական կատեգորիա են, որին Ադրբեջանը առնվազն կրկնակի արժանի է: Մեկը, հասկանալի է, կաշառակերության «մշակույթի» արտահանման համար է, մուսը` հայության դեմ սանձազերծած պատերազմի ու սպառազինության անզսպելի մոլուցքի համար:
Երևում է` 100 տարի առաջ այսպիսի պետություն մոգոնելիս նրա գլխավերևում բախտավոր աստղ է շողշողացել, դրա համար էլ նրա բոլոր մահացու մեղքերը ներվում են: Իսկ թե այդ աստղի շողքը երբ կմարի` ի բարօրություն մարդկության, ապագան ցույց կտա: