ԵՄ-Վրաստան ազատ այցագրային կարգը՝ կասեցման վտանգի տակ
ԵՄ հետ Հայաստանը ևս ստորագրել է «Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը», որը նույնպես ենթադրում է այցագրային կարգի ազատականացում: Վրաստանի օրինակը կարող է մեզ համար դաս լինել, թե ինչ խոչ ու խութեր կան այդ «ճանապարհին» և ինչ ակնկալիքներ կարող ենք ունենալ:
Վրաստանի բնակիչների համար այն արտագաղթի ճանապարհ է բացել, մենք էլ կարող ենք ուղղակի օգտվել շուտ-շուտ Եվրոպա գնալ-գալու հնարավորությունից, բայց չլքել մեր տունը Հայաստանում:
Վրաստանում շատ ուրախացան, երբ Եվրամիության հետ ազատ անցագրային կարգ սահմանվեց: Միայն թե կարծես արդեն լուրջ խնդիրներ են առաջացել, քանի որ վրացական կողմից բազմաթիվ խախտումներ են գրանցվել: Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեյզիերը, օրինակ, զգուշացրել է, որ եթե այդ խախտումների թիվը շարունակի մեծանալ, իրենք ստիպված կլինեն գործի դնել ազատ այցագրային կարգի կասեցման մեխանիզմները: Գերմանացի նախարարը զգուշացրել է, որ Վրաստանից է կախված, թե գործն ինչ ընթացք կստանա:
Գերմանիայի ՆԳ նախարարն իր զգուշացումն անելու համար օգտագործել է Մյունխենի անվտանգության համաժողովի առիթը, որտեղ և հանդիպել է վրացական կողմի հետ (հայտնում է Georgia Today-ը): Հարցը միայն այն չէ, որ ԵՄ երկրներ այցելող վրաստանցիները չեն պահպանում Շենգենյան տարածքում մնալու համար սահմանված ժամկետները (առավելագույնը 90 օր): Պարզվում է՝ ազատ այցագրային կարգից օգտվում են նաև կազմակերպված հանցագործություններ իրականացնող խմբեր, և նրանց թիվն օրեցօր մեծանում է:
- Մենք հույս ունենք, որ ազատ այցագրային կարգը կպահպանվի: Առայժմ մտադիր չենք կասեցման գործընթաց սկսել, սակայն տեղ գտած խախտումների թիվը մտահոգիչ է: Մեկ այլ կարևոր խնդիր է հանցագործությունների աճը: Վրաստանն աշխուժորեն մասնակցում է այս խնդրի լուծման գործին,- նկատել է Մեյզիերը:
Վրաստանի հետ ազատ այցագրային կարգի կասեցման հեռանկարի մասին է խոսել նաև Եվրախորհրդարանի անդամ Էլմար Բրոքը, ով նախկինում գլխավորել է կառույցի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը: Բրոքին էլ մտահոգում են վրացիներից ստացվող ապաստան հայցելու դիմումները, որոնք նույնպես անընդհատ ավելանում են: Ասել կուզի՝ վրացիները ազատ այցագրային կարգի հնարավորություններն օգտագործում են Եվրոպայի զարգացած երկրներ արտագաղթելու նպատակով: Միայն թե Եվրոպան արդեն իսկ լի է ամեն կրոնի, գույնի ու մշակույթի ներգաղթյալներով, Վրաստանի բազմազան բնակիչները նրա ինչի՞ն են հարկավոր:
Այնպես որ Բրոքը նախազգուշացրել է.
- Եթե ազատ այցագրային կարգը հանգեցնի ապաստան հայցողների ավելացմանը, ապա գործի կդրվեն կասեցման մեխանիզմները: