Իրաքը տարածք չի տրամադրի՝ Իրանին վնասելու համար

Սիրիայի շուրջը զարգացող իրադարձություններում բազմաթիվ պետություններ ու տարբեր ուժեր են ներգրավված, անհամար շահեր են բախվում ու հակադիր տեսակետներ խաչվում:
 
Հիմա ո՞վ կարող է հստակ կողմնորոշվել՝ ո՞ր մեկն է ահաբեկիչ, ո՞րը՝ հերոս, ո՞ր երկիրն է զավթիչը, ո՞րը՝ ազատարարը: Տարբերակումը կախված է նրանից, թե մեկնաբանություն անողի շահերը որ կողմից են բխում:
 
Գերմանական Handelsblatt պարբերականը, օրինակ, Սիրիայում գլխավոր խաղացողներ է համարում Իսրայելը, Իրանն ու Ռուսաստանը: Արֆինում ռազմական գործողություն Թուրքիան է վարում, սակայն նրա անունն այս ցանկում չկա:
 
Ըստ  հոդվածագիր Պյեր Հոյմանի՝ Իրանի նպատակը ամբողջ մերձավորարևելյան տարածաշրջանն իրանականացնելն է՝ իր ազդեցությանը ենթարկելը: Ինչ էլ որ լինի Իրանի նպատակը, ակնհայտ է մի բան՝ այդ երկիրը բազմաթիվ հզոր թշնամիներ ունի, որոնք նրան ծնկի բերելու առիթը բաց չեն թողնի: Իսկ ահա ԻԻՀ արևմտյան սահմանակից Իրաքը հայտարարել է, որ թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար: Սրա մասին փետրվարի 20-ին հայտարարել է Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադին: (As Sumaria հեռուստաալիքն է տեղեկացրել):
 
- Մենք ոչ մի գնով թույլ չենք տա Իրաքի տարածքն օգտագործել ընդդեմ Իրանի՝ լինի դա ՆԱՏՕ-ն, թե մեկ ուրիշը,- ասել է նա:
 
Այս հայտարարությունը, թերևս, հաստատում է իրաքցի պատգամավոր Ջասեմ Մուհամեդ Ջաֆարի խոսքերը: Նա հայտնել էր ԱՄՆ-ի ձգտումների մասին՝ ընդլայնել իրենց ներկայությունը Իրանի հետ սահմանին, ինչպես նաև խոսել էր Վաշինգտոնի կողմից Ալ-Աբադիի վրա գործադրվող ճնշումներից, որոնց նպատակն է երկարաձգել ՆԱՏՕ-ի առաքելությունն այդ երկրում:
 
- ԱՄՆ ԶՈՒ-ն ձգտում է ռազմական հենակետեր տեղակայել ինչպես Իրան-Իրաք սահմանագծի մերձակայքում, այնպես էլ Սիրիայի հետ սահմանին՝ Իրաքի հյուսիսիում իր ներկայությունն ընդլայնելու շրջանակում: Նպատակը Իրանի հանդեպ թշնամական ծրագրեր իրականացնելն է,- Al Maaluma էլեկտրոնային պարբերականին ասել է Ջաֆարը: 
 
Ուշագրավ է, որ փետրվարի սկզբին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե դաշինքը առաքելություններ է ծրագրում Իրաքի բանակում մարզումներ անցկացնել Բաղդադդի դիմումով և ԱՄՆ հակաահաբեկչական կոալիցիայի գիտությամբ: Ընդ որում՝ ընդգծել է, թե խոսքը ռազմական առաքելության մասին չէ: 
 
Երևում է՝ ՆԱՏՕ-ն ու այն ղեկավարողի տպավորություն թողնող ԱՄՆ-ը իրոք նպատակ ունեն Իրաքում Իրանի դեմ ռազմական գործողությունների հենակետ ստեղծել, այլապես երկարամյա պատերազմներից տառապած Իրաքում «ոչ ռազմական» այդ առաքելությունն այդպիսի արձագանքի չէր արժանանա: Մնում է հուսալ, որ պաշտոնական Բաղդադը կկարողանա իր խոսքը պնդել և դարավոր հարևանի թշնամիների համար դարպաս չի բացի: