«Ձիթենու ճյուղ»-ի թույլատրված ծլարձակումները

ԱՐՏՈՆԵԼ ՔՐԴԵՐԻՆ՝ ԽԱՂԱԹՂԹԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ

Սիրիական Աֆրինում քրդերի զինված կազմավորումների դեմ Թուրքիայի ծավալած «Ձիթենու ճյուղ» գործողությունը չի բնութագրվում պատերազմական ոճի կայծակնային բռնկումով կամ հանկարծակիության գործոնով։ Երկարատև նախապատրաստություն, զորքերի կուտակում, ազդանշանի հայտարարություն, նպատակի բանաձևում և ապա նոր՝ ներխուժման քայլեր:
 
Որքան էլ լարված իրավիճակի կապվելով սպասելի լինի հակամարտությունների դեպքում ռազմական բախումների մեկնարկը, այնուամենայնիվ հակառակորդին անակնկալի բերելու և գործողությունները վերջին պահին սկսելու գործնականությունը բազմիցս դրսևորել է ինքն իրեն տարբեր միջավայրերոմ ու տարբեր ժամանակների ընթացքում։
Աֆրինի ուղղությամբ Անկարայի ձեռնարկած քայլը ոչ միայն հեռու է հանկարծակիության գործոնի տեսությունից, այլև նախքան մեկնարկը այն տպավորությունն է թողնում, որ թիրախին առընթեր նպատակադրում է գրավել համայն աշխարհի ուշադրությունը, կամ ավելի ճիշտ՝ միջազգային հանրային կարծիքը:
 
Սիրիական պատերազմը ապրած անդադար ձևափոխումների հերթական արարն է, որը տեղի է ունենում՝ ռազմական գործողությունները տեղափոխելով թուրք-քրդական հակամարտության հարթություն:
Այս երկարատև նախապատրաստությունը, իհարկե, միայն ռազմական ոլորտի և զինուժի կուտակմանը չի վերաբերում: Զուգահեռ՝ կար ներխուժումը տարբեր կողմերի հետ համաձայնեցնելու խնդիր: Իսկ քաղաքական  նախապատրաստությունը «ձիթենու ճյուղ»-ի հետևյալ դիտակետերի շուրջ է զարգացնում վերլուծական փորձը:
 
Դամասկոս-Անկարա հայտարարողական հարթության վրա արձանագրված ելևէջների վերջին հանգրվանը հատկանշվել էր թշնամական ոճաբանության վերադարձով: Անկարան վերհիշեցնում էր Ասադի վարչակարգի տապալման նախապայմանականությունը, մինչ պաշտոնական Դամասկոսը ազդարարում էր, որ անհետեւանք չի մնա Անկարայի կողմից սիրիական տարածքների ուղղությամբ կատարված որևէ զինվորական ոտնձգություն:
 
Բնականաբար, Դամասկոսի հակահարվածի կանաչ լույսը միացվելու էր Սիրիայում տեղակայված ռուսական զորաբաժնի հրամանատարությունից: Իսկ այստեղ շարունակվում է արդեն քաղաքական իրադրությունների շղթայական կապի տրամաբանությունը: Սպառնալիքի հայտարարությունը ռազմական գործնականության վերածելը կամ ձևական հակահարվածից ուղղակի հակահարձակողանի անցնելը (կամ չանցնելը) նախագծում էին խաղի կանոնների ընդհանուր սահմանները: 
 
«Ձիթենու ճյուղ»-ը թույլատրված գործողության դաշտում դիտարկելի երևույթ է. այն առումով, որ Սիրիայում տեղակայված այլ գլխավոր խաղացողի՝ Թեհրանի նախազգուշացումները կամ այս առիթով դրսևորած անհանգստությունը զուսպ է և ըստ էության չի արգելակում կամ չի կանխարգելում ներխուժման իրականացումը:
 
Մինչդեռ Վաշինգտոնը Սիրիայի քրդերի նկատմամբ որդեգրում է Իրաքի քրդերի ուղղությամբ ճշտած դիրքորոշումների հարափոփոխ նման պահվածք: Այն է՝ որոշ, սահմանափակ կտրվածքով արտոնել քրդերին՝ խաղաթղթի կարգավիճակ ձեռք բերելու գործընթացները:
 
Հակաահաբեկչական պայքարի միջազգային կարգախոսի և նորաձև եզրերի որդեգրումով՝ Անկարան փորձում է միջազգային հանրությանը համոզել, որ մարդկության դեմ լուրջ սպառնալիքի դեմ պատերազմ է մղում։
 
Ճիշտ է, որ քրդական գործոնի սահմանափակման համար շահերի համատեղման կետեր են երևում «ձիթենու ճյուղ»-երի արտոնված ծլարձակումներում: Ավելի վերևներից օգտագործված մանրադիտակային տեսողությունը նշմարում է, որ սահմանափակ շրջագծեր կան նաև Անկարայի շարժումների համար և՝ դրանց թույլտվությունը պահանջող քայլեր: Որոնց շարքում՝ նաև «Ձիթենու ճյուղ»-ը:
 
 
Շահան ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր