Լավ գործ կարող են անել անգամ Ադրբեջանի նմանակ Պակիստանում
![](/files/pics/post/large/15c2019f38.jpg)
Իսլամիստ մահապարտների իրականացրած ահաբեկչությունների հետևանքով արդեն այնքան շատ զոհեր են լինում, որ պակիստանցի հոգևորականները փորձում են դրա դեմն առնել կրոնական հատուկ հրահանգներով:
Իսլամի կրոնական-իրավաբանական համակարգում գործում է ֆեթվայի սկզբունքը՝ հոգևոր բարձրագույն անձի վճիռն այն մասին, թե տվյալ գործողությունը, փաստը կամ երևույթը համապատասխանո՞ւմ է արդյոք այդ կրոնի դրույթներին: Պակիստանի 1800 հոգևորականներ նոր ֆեթվա են հրապարակել, որը անընդունելի է համարում մահապարտների իրականացրած պայթեցումները:
Պակիստանի կառավարությունը մտադիր է շուտով դա գրքի տեսքով ներկայացնել հանրությանը (հաղորդում է «Ռոյթերսը»): Այդ երկրի կղերականները, այսպիսով, հայտարարել են, թե մահապարտների առաջացրած պայթյուններն արգելված են և «հարամ» են համարվում: Պակիստանի նախագահ Մամնուն Հուսեյնի խոսքով՝ այդ ֆեթվան ապահովում է չափավոր իսլամ դավանող հանրության կայունության հիմքերը, իսկ գիտնականները հայտարարել են, թե ոչ մի մարդ կամ մարդկանց խումբ իրավունք չունի ջիհադ հայտարարելու և իրականացնելու: Մահապարտների գործեկլակերպն էլ համարվել է իսլամի ուսմունքի խախտում:
Թե սա որքանով կնպաստի, որ ամբողջ աշխարհում մահապարտների ավերիչ ու ինքանսպան գործունեությունը դադարի՝ դժվար է գուշակել: Չէ՞ որ միշտ չէ, որ մահապարտներն այդ քայլին են դիմում՝ դա համարելով «ջեննեթում» հայտնվելու ամենակարճ ճանապարհը: Ըստ երևույթին նրանցից շատերին դրդում են այդպես վարվել՝ օրինակ խոստանալով մերձավոր ազգականներին խնայել կամ դրամական միջոցներ տրամադրել:
Բոլոր դեպքերում չենք կարող չխոստովանել, որ Պակիստանի մահմեդական հոգևորականները լավ գործ են ձեռնարկել՝ չնայած քաղաքական նպատակներով ընդամենը անցյալ դարում հիմնադրված իսլամական այս պետությունը Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում: Ավելին, այն իր նմանակ Ադրբեջանի հավատարիմ դաշնակիցն է՝ մեր դեմ ձեռնարկվող բոլոր գործերում:
Այս համապատկերին ուշագրավ մեկ փաստ՝ 2017թ. Ավստրիայի կաթոլիկ եկեղեցում մկրտված 750 չափահասների երեք քառորդը մուսուլմանական երկրներից ներգաղթածներ են: Ընդ որում, արքեպիսկոպոսարանում կնքման ծիսակարգի պատասխանատու Ֆեդերիկա Դոստալը անհիմն է համարում այն պնդումը, թե միգրանտները կրոնափոխ են լինում, որպեսզի ավելացնեն ապաստան ստանալու իրենց հնարավորությունները։
Երևում է՝ Եվրոպայի կրոնական դեմքն այնքան արագ չի փոխվում, որքան կարելի էր ենթադրել: Չի բացառվում, որ քրիստոնեություն ընդունող արաբներին, աֆղաններին, իսլամի ավանդական կողմնորոշում ունեցող մյուս ազգերի ներկայացուցիչներին կրոնափոխ լինելու են մղում նաև մարդասպանությունը կրոնական դոգմա դարձնող երևույթները: