Հորդորով «դարդին դարման» չես անի
Միջուկային պատերազմը մեկն է այն բազմաթիվ սպառնալիքներից, որոնք ի զորու են հաշված ժամերի ընթացքում դժոխքի վերածել ամբողջ մոլորակի կյանքը: Սա գիտակցում և սրանից զգուշանում ու վախենում են բոլոր ողջամիտ մարդիկ:
Միջուկային պատերազմի սպառնալիքի մասին է խոսել աշխարհի կաթոլիկների առաջնորդ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը:
- Այո, ես իսկապես վախենում եմ դրանից, մենք դրա շեմին ենք գտնվում: Պատերազմ սկսելու համար ընդամենը ինչ-որ քայլ է պակասում: Մեծ է վտանգը, որ նման իրադարձությունն ամբողջովին կփոխի իրավիճակը, - Ֆրանցիսկոսի խոսքերն է փոխանցել ANSA գործակալությունը:
Վատիկանի գլխավոր դեմքը ցուցադրել է 1945թ. Նագասակին պատկերող մի լուսանկար, որտեղ պարզ երևում են ԱՄՆ միջուկային արկածախնդրության հետևանքները Ճապոնիայի համար: Այնուհետև Հռոմի պապը հորդորել է հասնել միջուկային զինաթափման և ոչնչացնել զինատեսակները:
Այսպիսի հորդորներ ու կոչեր անողների պակաս կարծես թե աշխարհը չի զգում, պակասում է միայն ցանկությունն այն տերությունների, որոնց իշխանությունները նման հզոր միջոցների են տիրապետում:
Այսօրվա աշխարհն ասես շատ ավելի կրոնամոլ է, քան եղել է անցյալում: Գուցե սրա պատճառը հեռահաղորդակցության աննախադեպ հնարավորություններն են: Ճիշտ է՝ մակերեսին ավելի շատ իսլամի աշխուժացումն է նկատվում, սակայն մնացած համաշխարհային կրոնները ևս առայժմ որոշիչ դեր ունեն: Ու եթե կրոնական առաջնորդներն իրապես ցանկանան՝ թերևս կարող են ազդել իրենց «հոգևոր զավակների» վրա և նրանց զերծ պահել մարդկությանը կործանման տանող մրցավազքից:
Միայն թե՝ կոչերով ու հորդորներով դրան հասնել հաստատ չեն կարողանա: Պետք է փորձեն «բուժել»իշխողների հոգիները, իսկ դրա համար հզոր գաղափարախոսություն ու անսահման մարդասիրություն պետք է ունենան:
Հռոմի պապն իր վախն է արտահայտել ու հորդորներ ուղղել: Բայց սա քանիսի՞ ականջին կհասնի. էլ չենք խոսում սրտի ու հոգու մասին: