Հյուսիսում ծովերի մակարդակը բարձրանում է

Գիտնականները վաղուց են ահազանգում, որ մոլորակի համընդհանուր տաքացմանը զուգընթաց` կհալվեն բևեռների սառույցները, ինչի հետևանքները կարող են անուղղելի լինել բազմաթիվ հյուսիսային երկրների համար: Արդեն իսկ տվյալներ են հրապարակվում, որոնք վկայում են` Նիդեռլանդների ափամերձ հատվածներում Հյուսիսային ծովի մակարդակը 2017թ. աննախադեպ չափերով բարձրացել է (Նիդեռլանդիայում գործող` ջրային պաշարների հետազոտությամբ զբաղվող ինստիտուտի եզրակացությունն է):

Սառցադաշտերն ուսումնասիրող գիտնականների դիտարկումները ցույց են տվել, որ Հյուսիսային ծովի մակարդակը բարձրանում է միջին հաշվով տարեկան 3 մմ-ով, որը տասը տարում հասնում է 3 սմ-ի: Իսկ այժմ նշված տարածքում ծովի մակարդակը սովորականից 11 սմ-ով բարձր է:
Առայժմ խոսքը միայն Նիդեռլանդների մասին է, սակայն չպետք է մոռանալ, որ Հյուսիսային ծովի ջրերը ողողում են նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Գերմանիայի Դանիայի, Նորվեգիայի, Շվեդիայի ափերը: Ու նաև` այստեղ խոսքը միայն Հյուսիսային ծովի մասին է, իսկ սա Սառուցյալ օվկիանոսի ավազանի մի աննշան մասն է միայն:  

Գիտնականները 2017թ. համարում են օդերևութաբանության պատմության 3 ամենաշոգ տարիներից մեկը, և ծովի մակարդակի բարձրացումն, ամենայն հավանականությամբ դրանով է բացատրվում: Մինչդեռ 2018թ. թևակոխած տարին շարունակում է զարմացնել իր յուրօրինակությամբ` անսովոր տաք ձմեռը միայն Հայաստանում չէ, որ իշխում է, ինչի բացատրությունը նորից նույնն է` համընդհանուր տաքացում: Սա նշանակում է, որ ջրերի մակարդակը կարող է ձմեռվա ընթացքում նույնպես բարձրանալ, ու դա շատ ավելի արագ կհանգեցնի աղետալի հետևանքների, քան կարելի էր սպասել:
5-6 տարի առաջ հրապարակվեց մի տեսակետ, թե հյուսիսային երկրների բարենպաստ եղանակային պայմաններն ապահովող Գոլֆստրիմ ծովային խոսանքը փոխում է ուղղությունը: Եթե դա ճիշտ լինի, գուցե սառույցների հալվելը կանխվի, սակայն այդ դեպքում էլ անտանելի ցուրտը աղետներ կբերի:

Երևում է` վերը նշված հյուսիսային բարգավաճ երկրների համար դժվար օրերն անխուսափելի են: Եթե, իհարկե, մի դիպվածով մարդկությունն ուշքի չգա ու չսկսի մտահոգվել ընդհանուրի բարօրության մասին` փոխանակ ապահովելու գերիշխանությունը փոքրամասնության, որն զբաղված է բոլորիս միակ հենարան ճյուղը սղոցելով: