Ի՞նչն է Լեհաստանը պահում Եվրամիության կազմում

Եվրոպական երկրներից շատերին Եվրամիության հետ կապողը, թերևս, սոսկ նյութական շահն է: Համենայնդեպս նման եզրակացություն կարելի է անել՝ ելնելով Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հայտարարությունից, որը վերաբերում է Լեհաստանին: Լեհաստանի կառավարությունը, ըստ նրա, կարող է Եվրամիությունից դուրս գալու քայլեր ձեռնարկել, եթե դադարի այնտեղից ֆինանսավորում ստանալ:
 
Նախկին սոցիալիստական երկրի իշխող՝ «Իրավունք և արդարադատություն» կուսակցության համար Եվրամիությանն անդամակցելու միակ շահը ֆինանսական միջոցներն են, իսկ ասենք ընդհանուր շուկան, իրավական կարգը, երաշխավորված անվտանգությունը այնտեղ չի կարևորվում: Տուսկի մեկնաբանությամբ՝ քանի դեռ Վարշավան ֆինանսավորում է ստանում ԵՄ-ից,   իշխանությունների համար արդարացված է դրա կազմում մնալը: 
 
- Դժվար չէ պատկերացնել այնպիսի իրավիճակ, որ երբ Լեհաստանը անցնի գումարներ ներդնող երկրների շարքը, նրա կառավարությունը կորոշի, թե ժամանակն է քաղաքացիներին հարցնել՝ նրանք ցանկանո՞ւմ են իրենց երկիրը ԵՄ կազմում տեսնել: Դրանից հետո իշխանություններն ամեն ինչ կանեն, որ լեհերին համոզեն, թե ԵՄ անդամակցությանը հրաժեշտ տալու ժամանակն է,- «Թելեգրաֆի» փոխանցմամբ՝ ասել է  Տուսկը:
 
Այն հանգամանքը, որ երեք տարի շարունակ Եվրահանձնաժողովը քննադատում է Վարշավայում իրականացող դատական բարեփոխումները, սակայն այնտեղ դեռևս ԵՄ պահանջներին համապատասխանող կարգ չի հաստատվում՝ վկայում է, որ Լեհաստանը դեմ չէր լինի իր կենսագործունեությունը շարունակել համաեվրոպական համահարթեցումից դուրս: Իսկ այն հանգամանքը, որ Եվրախորհրդի նախագահը հարկ է համարել դրա մասին կարծիք հայտնել, կարծես թե փաստում է, որ Լեհաստանում նման տրամադրություններ արդեն իսկ նշմարվում են: Իսկ սրանից էլ բխում է, որ Եվրոպա աշխարհամասում կամ նրան հարող տարածաշրջաններում գտնվող երկրները գուցե առայժմ ձեռնպահ մնա՞ն ԵՄ-ին անդամակցելու գործընթացից: