Կիմ Չենը պատերազմի նոր ասպարեզ է գտել

Այն, որ Հյուսիսային Կորեային սպառնում է միջազգային լիակատար մեկուսացում՝ որոշ երկրներ չեն էլ թաքցնում, որ հենց դրան են ձգտում: Իսկ ահա այդ պետությունն ինքը աշխարհից մեկուսանալ է ձգտում մեկ այլ հարցում. այնտեղ մերժում են Սուրբ Ծնունդը:
Եթե նկատի ունենանք, որ սա քրիստոնեական տոն է, իսկ Կորեական թերակղզում այդ կրոնը կշիռ չունի, սա զարմանալի չի թվա: Բացի այդ, պետք է ենթադրել, որ նախկին սոցիալիստական ճամբարի այս անդավաճան երկիրը աթեիզմի ջատագովն է: Ամեն դեպքում՝ Նոր տարին խորհրդանշական տոն է բոլորի համար, իսկ շքեղորեն զարդարված տոնածառն աշխարհում միլիարդավոր մարդկանց ուրախություն է պարգևում:
Միայն՝ ոչ ԿԺԴՀ նախագահ Կիմ Չեն Ընի: Լրատվամիջոցները տեղեկացնում են, որ Կիմ Չեն Ընը պատերազմ է հայտարարել Սուրբ Ծնունդին և արգելել է ալկոհոլով ու երգերով ուղեկցվող ցանկացած հավաքույթ: Իսկ դա, փորձագետների պնդմամբ, առաջիկայում ծանր կնստի նաև երկրի տնտեսության վրա:
Պաշտոնական Սեուլը տարիներ շարունակ ապառազմականացված գոտում եռահարկ շենքի բարձրությամբ տոնածառ է տեղադրել, որի լույսերը տեսանելի են եղել նաև Հյուսիսային Կորեայից: Անցած տարի, սակայն, Կիմ Չեն Ընի վարչակարգը զգուշացրել է՝ եթե տոնածառի լույսերը վառվեն, դա կարող է անսպասելի հետևանքներ ունենալ: Այս տարի ևս երևի հյուսիսի կորեացիները կարոտով կնայեն դեպի հարավ, որպեսզի նշմարեն տոնական մթնոլորտի կայծկլտոցները և այդքանով բավարարվեն: Ու եթե չտեսնեն էլ, գոնե կմխիթարվեն նրանով, որ հարավում իրենց եղբայրները տոն են նշում:
Իսկ պատերազմասեր Կիմ Չեն Ընը գուցե բավարարվի միայն Սուրբ Ծննդի դեմ իր պայքարով և նոր տարում մոռանա միջուկային պատերազմի մասին: