«Տուն-ինտերնատում սնունդը լափ չէ»
ԱՂՄՈՒԿԸ ՊԱՏԱՀԱԿԱ՞Ն Է
Արդեն մի քանի օր է՝ հանրության կողմից քննարկվող թեմաներից է Երևանի թիվ 1 տուն-ինտերնատի անմխիթար վիճակը: Ընտանիքի անդամներից լքված կամ հարազատ ու բարեկամ չունեցող տարեցներին, ըստ լրատվամիջոցներից մեկի տարածած տեսանյութի՝ մատուցում են «լափ», որը պատրաստվում է հակահիգիենիկ պայմաններում: Սա էլ բավական չէ՝ տարեցներին վատ են վերաբերվում, իսկ երբեմն էլ ծեծ ու վիճաբանություն է լինում հենց իրենց՝ խնամվող տարեց մարդկանց միջև:
Բայց սա դեռ ամենը չէ: 30 հոգեկան հիվանդ հանգրվանել են տուն- ինտերնատում, մինչդեռ նրանք պետք է լինեին հոգեբուժարանում:
Այս բոլոր հարցերին այսօր պատասխանեց տուն-ինտերնատի նորընտիր տնօրեն Վահան Զուրաբյանը, ով երկու ամիս այդ հաստատության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր:
Նախ նա հրապարակված տեսանյութը համարեց ուղղորդված, քանի որ ըստ նրա, ինտերնատի աշխատակիցների մի մասը չի ընդունում իր աշխատելաոճը և դժգոհում է: Բայց խոստովանեց, որ ծերերի տանը խնդիրներ իրոք կան: Օրինակ հակահիգիենիկ պայմաններ, որոնք 80%-ով փորձել են վերացնել կամ մեղմել: Մինչդեռ տարեցներին տրվող սնունդը լափ չհամարեց: Փոխարենը հաստատեց, որ տարեցների հանդեպ վատ վերաբերմունք եղել է, վիճաբանություններ՝ ևս:
Ինչ վերաբերում է հոգեկան հիվանդներին, Զուրաբյանը չի բացառում, որ ժամանակի ընթացքում մարդը կարող է հոգեկան խնդիրներ ձեռք բերել.
- Ես Նուբարաշենի հոգեբուժարան 30 հոգու ցանկ եմ ներկայացրել՝ խնդրելով, որպեսզի հոգեբույժների խումբը գա և ստուգի նրանց: Նոր դրանից հետո կարող եմ նրանց տեղափոխել, ես իրավունք չունեմ առանց եզրակացության ինչ-որ բան անել: Մայիսի 22-ին ենք դիմել, բայց պատասխան դեռ չենք ստացել: Նախկինում հաստատությունում եղել է հոգեբույժի հաստիք, բայց հետո դա նպատակահարմար չեն համարել: Այժմ հոգեկան խնդիրներ ունեցողների տեղափոխման պահանջով տուն-ինտերնատը դիմում է մոտակա հոգեբուժարան:
Եթե տնօրենը լրատվամիջոցի տեսանյութը համարում է ուղղորդված, ապա ինչպե՞ս հասկանալ ՄԻՊ-ի գնահատականները տուն-ինտերնատին՝ հակահիգիենիկ պայմաններ, վատորակ սնունդ, սննդի ուշացում: Այս դեպքում էլ Զուրաբյանը չհամաձայնեց ՄԻՊ-ի գնահատականին՝ սննդի մասով. Նա փորձեց հակադարձել, թե սնունդը դրվում է սառնարանում, իրենք ուղղակի սառնարանին չեն մոտեցել:
Զուրաբյանը նշեց, որ Քուվեյթի ֆինանսավորմամբ կառուցվել է նոր մասնաշենք, որի նմանը տարածաշրջանում գոյություն չունի: Մնացել է միայն մասնաշենքի գույքի ձեռքբերումը, որպեսզի խնամյալները տեղափոխվեն նոր շենք:
Հետաքրքիր է` երիտասարդ Վահան Զուրաբյանին ի՞նչն է բերել տուն-ինտերնատ, որտեղ այսքան խնդիրներ կան:
- Սիրում եմ բարդություններ,- սկսեց գովել իրեն երիտասարդը, ով, պարզվեց՝ տասը տարի աշխատել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում և ըստ լուրերի` ունի հովանավորյալներ նախարարությունից:
Հիշեցնենք` դեռևս այս տարվա հունվարին նախ՝ Վերահսկիչ պալատը, հետո Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ստուգումներ էին իրականացրել թիվ 1 տուն ինտերնատում և շատ լուրջ խախտումներ էին բացահայտել՝ հավելագրումներ, գումարի յուրացումներ: Օրինակ՝ աշխատանքի են ընդունվել լրացուցիչ մարդիկ, ովքեր 3 ու կես միլիոն դրամից ավելի վարձատրություն են ստացել պետական բյուջեից, հաշվառումից չեն հանվել մահացած, հիվանդանոց տեղափոխված կամ ընտանիք վերադարձած խնամյալները, անօթեւանների ընդունումն ու դուրսգրումը չի արտացոլվել ճաշացուցակներում, ինչը ևս 8 միլիոնից ավելի վնաս է հասցրել պետբյուջեին: Այս առիթով հարուցվել էր քրեական գործ:
ՀԳ. Երբ ուսումնասիրում ես այս աղմուկը, կարծես թե դեպքերի շղթա ես հայտնաբերում: Ակամա՝ աղմուկի սկզբնաղբյուր դարձավ ՄԻՊ-ի գրասենյակը, որը կցկտուր տեղեկություն հրապարակեց: Դրանից հետո տնօրենի պաշտոնի համար հայտարարվեց բաց մրցույթ, որին ցանկություն ուներ մասնակցելու նաև «Ելք» դաշինքի անդամ Հարություն Բաբայանը: Բայց հունիսի 15-ի բաց մրցույթին, ավագանու անդամին մեծ դժվարությամբ են թույլ տվել ներս մտնել նախարարություն, իսկ երբ ի վերջո ներս է մտել՝ մրցույթն արդեն ավարտված է եղել, իսկ ժամանակավոր պաշտոնակատար Վահան Զուրաբյանն էլ` ընտրված տնօրեն: Հենց այդ օրն էլ armtimes.com-ը (որը պատկանում է «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին) հրապարակեց տուն-ինտերնատում տիրող իրավիճակի մասին տեսանյութը:
Մնում է հասկանալ, թե փակ հաստատություն համարվող տուն-ինտերանտում տիրող իրավիճակի տեղեկատվության աղբյուրը ո՞վ կամ ո՞ր պատկան կառույցն է եղել: Ավելի կարևոր է հրապարակման դրդապատճառը: Հավատում ենք, որ մղումն ազնիվ է եղել: