Ժամանակակից հայկական և ժողովրդական երաժշտության երեկո՝ կենդանի համերգային ծրագրով
ԱՐՑԱԽԻՑ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ ԵԼՈՒՅԹ ԿՈՒՆԵՆԱՆ ՍՏԵՂԾԱՐԱՐ ՈԼՈՐՏԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ
Վաղը՝ ապրիլի 20-ին, ՆՓԱԿ-ում կկայանա ժամանակակից հայկական և ժողովրդական երաժշտության երեկո՝ կենդանի համերգային ծրագրով: Համերգի կարևոր մաս են կազմում Արցախից տեղահանված արվեստագետները, ովքեր կմիանան ներկայացնելու հայկական երաժշտարվեստի արդի պատկերն ու գեղարվեստական զարգացման հեռանկարները:
Ելույթներով հանդես կգան թառահար և կոմպոզիտոր Միքայել Ոսկանյանը , Տիեզերք խումբը, երգչուհի Մարբին, «Մենք ենք, մեր սարերը» արցախյան երգի-պարի համույթը և երիտասարդ քամանչահար Աշ Ղազարը:
Համերգին զուգահեռ ընթանալու է «Տվյալներից անդին» ցուցահանդեսը՝ ութ արվեստագետների ու արվեստագետների խմբերի մասնակցությամբ:
Համերգի գեղարվեստական և կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է Օբերտոն երաժշտական ընկերությունը: Համերգը կազմակերպվել է ՀԲԸՄ-ի «Կատապուլտ» ստեղծագործական աքսելերացիոն ծրագրի «Տվյալներից անդին» ցուցահանդեսի և սեմինարների ծրագրի շրջանակում, որը երկամյա հետազոտական ջանքերի վերջնարդյունքն է՝ ուղղված Հայաստանի ստեղծարար և մշակութային ոլորտների տնտեսական զարգացմանը խոչընդոտող գործոնների ուսումնասիրությանը:
- Եվ թառը, և քամանչան, և արցախյան ժողովրդական երաժշտությունն այսօրվա հայկական երաժշտարվեստում ստվերված են և գտնվում են ընդամենը պահպանման ռեժիմում: Այսպիսի ժամանակակից արվեստի ցուցահանդեսներին ու միջոցառումներին մասնակցությունն ու ներկայացումը կարևոր նշանակություն ունի դրանց զարգացման, արդիականացման և հանրահռչակման հարցում: Վստահ ենք, որ բազմակիրառական արվեստի և մշակույթի նման միջոցառումը կտպավորի հանդիսատեսին,- նշում է Օբերտոն երաժշտական ընկերության համահիմնադիր և միջոցառման մասնակից Միքայել Ոսկանյանը: