ՀԿ-ն դեսպաններից բացատրություն է պահանջում

«Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ հայտնելով, որ Եղիշե Չարենցի արձանի դիմաց ԱՄՆ և ՄԵԾ Բրիտանիայի դեսպանները տեղադրել են նաև ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի լուսանկարները՝ ի հարգանք նրա հիշատակի։
 
Հայտարարության մեջ նշվում է՝
 
- «Ազգային» պատմամշակութային հասարակական կազմակերպությունը» խիստ վիրավորական է համարում Հայաստանում հավատարմագրված երկու դեսպանների կողմից հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի հիշատակը հավերժացնող կոթողի մոտ ռուսական ինչ-որ հասարակական-քաղաքական գործչի հիշատակին ծաղիկներ կամ լուսանկարներ տեղադրելը։
 
Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ ներկայացուցիչների նման քայլը փորձ է ներքաշել հայ ժողովրդին իրենց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ, ստորացնում հայ մտավորականների դերը, նվաստացնում նրանց մշակութային արժեքը։
 
Երկու դեսպանատներից պահանջում ենք բացատրություն այդ քայլի համար։
 
Ի դեպ, մինչ միջազգային հանրության՝ այսպես կոչված հակառուսական հատվածը այս սպանության մեջ մեղադրում է Ռուսաստանին, ՌԴ Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը հակադարձում է բոլորինէ մեղադրանքի սլաքներն ուղղելով Արևմուտքին։  BBC-ի ռուսական ծառայությունը գրել է․
 
- Նրանց անունները հայտնի են՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարից և ԱՄՆ ղեկավարությունից մինչև Շոլց, Սունակ և Զելենսկի, նրանք բոլորը Նավալնիի մահվան մեղավորներն են։ Հենց նրանց է շահեկան նրա մահը, ովքեր հսկայական թվով ձախողված որոշումներ են կայացրել և կառչած են իրեն պաշտոններից,- նշել է Վոլոդինը Telegram-ի ալիքում։ 
 
Իսկ ՌԴ ԱԳՆ-ն փորձել է փաստարկել․
 
 - ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների անմիջական արձագանքը Նավալնիի մահվանը՝ Ռուսաստանին ուղղված ուղղակի մեղադրանքների տեսքով, ինքնաբացահայտում է։ Դեռևս դատաբժշկական փորձաքննություն չկա, բայց Արևմուտքի եզրակացություններն արդեն պատրաստ են։