Էքսպրեսիոնիզմը և ներկայիս Հայաստանը

ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄՆԵՐԻՑ․ Հայացք Երևանից

Ժամանակի ոգին և հանրության տրամադրություններն արտահայտվում են արվեստի միջոցով: Մինչեւ 18-րդ դարը նկարչության, գրականության ու արվեստի այլ ոլորտներում հիմնական թեմաներն էին Աստվածաշունչը և թագավորական, ազնվական ընտանիքների անդամները: Հասարակ մարդը ոչ ոքի չէր հետաքրքրում՝ նա չէր պատմության կերտողը: Դա ամենացայտուն կերպով տեսանելի է իտալական նկարչության մեջ:
 
Փոխվում են դարաշրջանները, փոխվում են նաև արվեստի թեմաները, հերոսներն ու արտահայտչամիջոցները, տրամադրությունները: 19-րդ դարում նկարչության ու գրականության հերոսներն արդեն երրորդ դասակարգն էր՝ բուրժուաներն ու հասարակ մարդիկ: Մասնավորապես նկարչության մեջ, սկսում են գերիշխել բնության, քաղաքային ու գյուղական կյանքի տեսարանները, մի խոսքով՝ սովորական մարդը մտնում է քաղաքականություն: Եկեղեցին չէ այլևս որոշում իշխանության օրինակարգությունը՝ ով իրավունք ունի իշխելու և ում պետք է մյուսները ենթարկվեն (դա որոշում են ընտրողները՝ ընտրությունների միջոցով), ինչն է ճիշտ ու բարոյական, ինչը՝ ոչ:
 
Կրոնին այլևս փոխարինում են տարբեր գաղափարախոսություններ՝ աջ, ձախ, լիբերալ և այլն, դրանցից յուրաքանչյուրն իր ենթաուղղություններով հանդերձ: Չկա եկեղեցու գրաքննություն, չկա առհասարակ որևէ գրաքննություն: Բացի բռնապետական վարչակարգերի իշխանության պահպանման համար հնարավոր վտանգների կասեցման գրաքննությունից, մնացյալում տիրում է ազատություն: Թեմաներից ու հերոսներից զատ՝ փոխվում են նաև արտահայտչամիջոցները և կարեւորվում է ոչ թե նկարի պատկերային ճշգրտությունը, այլ տրամադրություններ և զգացմունքներ հաղորդելը:
 
19-րդ դարի երկրորդ կեսից արվեստում և, մասնավորապես, ճարտարապետության մեջ  սկսվում է մոդեռնիզմի ժամանակաշրջանը: Կյանքը փոխվել էր, եկել էր մեքենաների, հաստոցների, մեծ քաղաքների և մեծ, արյունահեղ պատերազմների ժամանակաշրջանը:
 
20-րդ դարի առաջին տասնամյակներում, հատկապես Գերմանիայում և Ավստրիայում, իմպրեսիոնիզմից առաջանում է նոր ուղղություն՝ էքսպրեսիոնիզմը: Դրա ծնունդը նկարագրվում է հետևյալ կերպ. «Էքսպրեսիոնիզմն առաջացել է իբրև արձագանք 20-րդ դարասկզբի քաղաքակրթության այլանդակություններին՝ Առաջին համաշխարհայինին ու հեղափոխական շարժումներին: Իրականությունն ընկալվում էր վախի, հիասթափության, անհանգստության զգացողությունների պրիզմայով»: Գրականության մեջ դրա վառ արտահայտությունը Կաֆկայի գրականությունն է:
 
Այսօրվա Հայաստանի հանրությանը համակած հիմնական զգացմունքները՝ վախ, հիասթափություն, անհանգստություն, բնորոշ են հենց էքսպրեսիոնիզմին: Ներկայումս Հայաստանում գրեթե նույն գործընթացն է ծավալվում, ինչպես հետպատերազմյան Գերմանիայում ու Ավստրիայում էր, որտեղ պարտությանը հաջորդել էին տարատեսակ հեղափոխական շարժումները:
 
Ճիշտ է, ի տարբերություն Գերմանիայի և Ավստրիայի, այդ ապրումներն արվեստում չեն արտահայտվում՝ նման կարգի արվեստ մենք չունենք, սակայն հանրության տրամադրություններում, սոցցանցերում, հանրային գործիչների ելույթներում հիմնական լեյթմոտիվը անորոշությունն է, տագնապը, վաղվա օրվա հեռանկարի բացակայությունը: Իսկ ի՞նչ են սպասում մարդիկ… սպասում են այնպիսի գործիչների ասպարեզ գալուն, որոնք ցույց կտան ապագայի հեռանկար և այդ հեռանկարին հասնելու համար գործողությունների կոչ կանեն: